Die Zeit․ Աշխարհին կարող է սպառնալ հրթիռային ճգնաժամ

Die Zeit․ Աշխարհին կարող է սպառնալ հրթիռային ճգնաժամ

SHARE

Շուտով աշխարհում կարող է սկսվել «իսկական հրթիռային ճգնաժամ» ու Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ստիպված կլինեն պայմանավորվել իրար հետ, գրում է գերմանական Die Zeit թերթի քաղաքական տեսաբան Մաթիաս Նասսը՝ հավելելով, որ «այդ ամենի ականատես լինելը սարսափելի է լինելու»։

Խոսքը միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի մասին է, որը 1987-ին ստորագրել էին Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը։ Պայմանագիրն արգելում է 500-5․5 հազար կմ հեռահարությամբ ցամաքային բալիստիկ ու թեւավոր հրթիռների մշակումը, փորձարկումն ու արտադրությունը։ Հենց այս պայմանագրի հետեւանքով է ոչնչացվել միջուկային հրթիռների մի ամբողջ սերունդ ՝ մոտ 3 հազար միավոր։ Ռուսական կողմից ՝ SS-20 հրթիռները, իսկ ամերիկյան կողմից՝ Pershing-2-ը։

«Սակայն հիմա այդ պատմական հաջողությունը վտանգված է,- շեշտում է հեղինակը,- Ռուսաստանը սկսել է նոր թեւավոր հրթիռներ տեղակայել, որոնց վրա տարածվում է պայմանագրի արգելքը։ Ըստ The New York Times–ի տվյալների՝ Ռուսաստանն արդեն տեղակայել է նման հրթիռների երկու դիվիզիոն։ Թրամփի կառավարության աշխատակիցները հաստատել են թերթի այդ հաղորդագրությունը, գրում է Նասսը։

Դեռ 2011-ին Օբաման պատվիրակություն էր ուղարկել Ռուսաստան՝ պահանջելով պահպանել պայմանագրով նախատեսված արգելքը։ Սակայն Պուտինն այն ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը ոչինչ չի խախտել ու փոխարենը ամերիկացիներին էր մեղադրել Ռումինիայում ու Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար։

«Իհարկե հույս կա, որ միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը Եվրոպայում կկանխվի»,- կարծում է հեղինակը։ Սակայն Վաշինգթոնի ու Բրյուսելի մինչ այդ արված զգուշացումներից որեւէ մեկը չի կանգնեցրել Ռուսաստանին։

Հնարավոր է, Պուտինը որոշել է խզել պայմանագիրը , քանի որ իր երկրի համար սպառնալիք է համարում Չինաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, Հյուսիսային Կորեայում ու Իրանում ստեղծվող միջին հեռահարության հրթիռները։ Բայց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը այդ վարկածը քիչ հավանական է համարում։ «Ռուսաստանը, ունենալով մեծ քանակության միջմայրցամաքային հրթիռներ ու մեծ հեռահարության հրթիռներ, ունի այնքան մեծ հզորություն, որ կարող է արդյունավետորեն զսպել ցանկացած սպառնալիք»։

NO COMMENTS

LEAVE A REPLY