1918 թ. մայիսյան հաղթանակների համար մենք պարտական ենք առաջին հերթին Արամ Մանուկյանին:

1918 թ. մայիսյան հաղթանակների համար մենք պարտական ենք առաջին հերթին Արամ Մանուկյանին:

SHARE

1918 թ. մայիսին Սարդարապատում և Բաշ-Ապարանում տարած հաղթանակի գործում ամենամեծ ներդրումն է ունեցել Արամ Մանուկյանը, որը հայ ժողովրդի կողմից սիրված գործիչներից էր: Դեռևս 1910 թ. Վասպուրականում ծավալած գործունեության ընթացքում Արամ Մանուկյանը աչքի ընկավ կազմակերպչական բարձր որակներով և երիտասարդության շրջանում մեծ հեղինակություն էր վայելում: 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի ժամանակ, Արամը կազմակերպեց և ղեկավարեց Վանի հայության ինքնապաշտպանական մարտերը, որոնք ոչ միայն հաղթանակով ավարտվեցին, այլև Վանում ստեղծվեց նահանգապետություն, որի ղեկավար դարձավ Մանուկյանը: Իսկ ռուսական բանակի նահանջից հետո Արամ Մանուկյանը կազմակերպեց Վանի  ավելի քան 200 հազար հայության գաղթը դեպի Արևելյան Հայաստան: Սակայն 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունը հանգեցրեց նրան, որ ռուսական բանակը սկսեց լքել պատերազմի կովկասյան ճակատը, որի արդյունքում հայությունը մնաց միայնակ թուրքական բանակի դեմ: Արամ Մանուկյանը 1917 թվականին որպես Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչ՝ գալիս է Երևան և ծանոթանալով հայության ծանր վիճակի հետ, կտրուկ քայլերի է դիմում կարգ ու կանոն հաստատելու, տասնյակ հազարավոր գաղթականներին օգնելու հարցում: 1918 թ. մարտին հայ քաղաքական կուսակցությունների ու գործիչների որոշմամբ Արամ Մանուկյանը ընտրվում է դիկտատոր՝ լիազորությունների լայն հնարավորությամբ: 1918 թ. մայիսին, երբ թուրքական դիվիզիաները սկսել էին իրենց արշավանքը դեպի Արևելյան Հայաստան, երբ հայկական բանակում դասալքությունը բարձր աստիճանի էր հասել, իսկ ժողովուրդը հուսալքված էր, Արամ Մանուկյանին հաջողվեց համախմբել հայ զինվորականների ու քաղաքական գործիչներին և կազմակերպել Սարդարապատ մեկնող հայկական բանակի բոլոր առաջնային ապահովման խնդիրները: Նրա հետևյալ ասույթը չի կորցրել իր արդիականությունը անգամ 98 տարի անց. «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»։ Հետևաբար, 1918 թ. մայիսյան հաղթանակների համար մենք պարտական ենք առաջին հերթին Արամ Մանուկյանին, որը և իր գործունեությամբ և իր կենցաղով պետք է օրինակ լինի մեր գործիչների համար:

պատմաբան  Գևորգ Մելքոնյան

 

NO COMMENTS

LEAVE A REPLY