Օրբանը տրամադրված է ԵՄ-ի հետ առճակատման

Օրբանը տրամադրված է ԵՄ-ի հետ առճակատման

SHARE

Եվրամիության քվոտաներով փախստականների տեղաբաշխման հարցով Հունգարիայում անցկացված հանրաքվեն անվավեր ճանաչվեց. քվեարկության մասնակիցների թիվը 50%-ից պակաս էր: «Բայց այդ փաստը չի փոխի վարչապետ Վիկտոր Օրբանի ռազմավարությունը. նա մտադիր է երկարատեւ հակամարտության մեջ մտնել ԵՄ-ի հետ»,- գրում է Die Welt-ը:

Ըստ հոդվածագրի՝ ձախողված հանրաքվեից հետո նման արդյունքը տարբեր կերպ մեկնաբանելու ժամանակն է: «Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների 98%-ը դեմ է արտահայտվել քվոտաներին, այսինքն՝ քվեարկել է կառավարության ոգով: Միաժամանակ, քվեարկության մասնակիցների բացարձակ թիվը գերազանցել է 3 մլն-ը՝ գերազանցելով Եվրամիությանը երկրի անդամակցության օգտին քվեարկածների թվին: Սակայն ընդդիմությունը, ամեն դեպքում, քվեարկության արդյունքները վարչապետ Վիկտոր Օրբանի պարտություն է համարում»,- ասված է հոդվածում:

Ինչ-որ առումով այդպես է. «նացիոնալ-պահպանողականների կառավարությունը հանրաքվեի նախաշեմին լայնածավալ, որոշ առումով՝ նաեւ այլատյացության վրա հիմնված արշավ ծավալեց: Դրա համար ավելի քան 11 մլն եվրո ծախսվեց: Օրբանի կառավարությունը մտադիր էր հասնել 50% մասնակցության: Նպատակին հասնել չհաջողվեց»: Սակայն կառավարությունը, ըստ հեղինակի, հանրաքվեի արդյունքը հաղթանակ է համարում:

Քվեարկության նախօրեին Օրբանը հայտարարեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մտադրության մասին. այսուհետ միայն ազգային խորհրդարանը կարող է որոշել, «թե ում հետ են հունգարներն ապրելու»:

Ըստ հեղինակի՝ Օրբանը տրամադրված է ԵՄ-ի հետ առճակատման: Փոխելով օրենսդրությունն ու հակամարտության մեջ մտնելով Եվրամիության հետ՝ Օրբանը ռազմավարական նպատակ է հետապնդում. «նա արդեն մտածում է 2018 թվականի ընտրությունների մասին: Նրա կառավարությունը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է քննադատության ենթարկվում: Ընտրողները դժգոհ են կրթական եւ առողջապահական համակարգերից, ինչպես նաեւ կոռուպցիայից: Օրբանն ու նրա «Ֆիդես» կուսակցությունն աջակցություն են վայելում գերազանցապես երկու հարցերում՝ միգրացիոն քաղաքականության եւ ԵՄ-ի հանդեպ քաղաքականությունը, որն իր առջեւ նպատակ է դրել առավելագույն ազատության հասնել Հունգարիայի համար «ինքնիշխան» որոշումներ կայացնելու հարցում:

«Բրյուսելում գտնվող» ուժերի հետ հաշտվելու երկարատեւ փորձերը, ըստ հոդվածագրի, կարող են բարձրացնել 2018 թվականին Օրբանի հաղթելու հնարավորությունները:

Սակայն հանրաքվեին քաղաքացիների ցածր մասնակցությունը, այդ թվում՝ ավանդաբար «Ֆիդես»-ի հենակետը համարվող շրջաններում, այնքան էլ լավ նշան չէ 2018-ի ընտրությունների նախաշեմին:

NO COMMENTS

LEAVE A REPLY