Սևրի պայմանագիրը կնքվելու պահից արդեն դատապարտված էր չիրականանալու-պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան

Սևրի պայմանագիրը կնքվելու պահից արդեն դատապարտված էր չիրականանալու-պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան

SHARE

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։

Մեր այսօրվա hարցազրույցի առիթը Սևրի դաշնագրի ստորագրման հերթական տարեդարձն է: 96 տարի առաջ՝ 1920 թ. օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում ստորագրվեց Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող ամենակարևոր միջազգային փաստաթղթերից մեկը, որով որոշակի հանգուցալուծում էր տրվում հայկական հարցին: Փաստաթուղթը նախատեսում էր հաղթահարել Հայոց ցեղասպանության հետևանքները և ճանաչում էր սեփական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը: Ցավոք, պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող կետերն այդպես էլ կյանքի չկոչվեցին և մնացին միայն թղթի վրա: Աշոտ Ներսիսյանի հետ կփորձենք հասկանալ, թե՞ որոնք էին դրա պատճառները:

Պարոն Ներսիսյան, պատմաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի Սևրի պայմանագիրը, և արդյոք այն ունի՞ իրավական ուժ այսօր։

– Ընդհանրապես, Սևի պայմանագրի մասին շատ է գրվել ու խոսվել, բայց Սևրի պայմանագիրը կնքվելու պահից արդեն դատապարտված էր չիրականանալու այն պարզ պատճառով, որ արդեն փոխվում էին աշխարհաքաղաքական գործընթացները, արդեն ձևավորվել էր քեմալական շարժում, Քեմալը իրեն բավականին ուժեղ էր զգում, իսկ քեմալական շարժման բարձրացման և Քեմալի կողմից նոր Թուրքիայի ստեղծման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն էր՝ բոլշևիկյան Ռուսաստանը։ Շատ հաճախ անդրադառնալով այդ քեմալա-բոլշևիկյան դաշինքին՝ քննադատաում ենք ռուսներին, որ նրանք զոհաբերեցին հայկական հարցը, չէ՞ որ այդ դաշինքի պատճառով չիրականացավ Սևրի պայմանագիրը: Բայց քաղաքականության մեջ զգացմունքները պետք է մղվեն երկրորդ պլան։ Ռուսները, ձեռք մեկնելով Քեմալին, բոլորովին այլ խնդիր էին հետապնդում։ Նրանց խնդիրն էր քշել դաշնակիցներին նեղուցներից, քանի որ նեղուցներին տիրելը Ռուսաստանի, ցարերի դարավոր երազանքն է եղել և այդ ճանապարհին հայկական հարցը զոհաբերելը տասներորդական խնդիր էր նրանց համար։ Սա էր պատճառը, որ ռուսները մերձեցան թուրքերի հետ:

Սա խորությամբ չըմբռնեցին Հայաստանի այդ ժամանակաշրջանի քաղաքական ուժերը և չըմբռնեցին նաև Սևրում մեր պատվիրակությունները: Իսկ այնտեղ կար երկու պատվիրակություն՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, որը ստորագրեց Սևրի պայմանագիրը, և Պողոս Նուբարի գլխավորած պատվիրակությունը, որն ավելի շատ ներկայացնում էր արևմտահայությանը։

Սևրի պայմանագրի 88-93-րդ կետերն էին վերաբերում հայերին։ Հատկապես կարևոր էր 89-րդ կետը, որն այդպես էլ խորությամբ չի մեկնաբանվում, որովհետև այդ կետով ոչ թե գրված էր, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է միանան չորս վիլայեթները, այլ ԱՄՆ նախագահ Վիլսոնի նախորոշած սահմանները, որոնք պետք է անցնեին այդ չորս վիլայեթներով, հետագայում պետք է որոշեին այդ սահմանագիծը։ Այսինքն՝ այստեղ էլ կար անորոշություն։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ դաշնակիցները, որոնք ստիպեցին օսմանյան դրածո կառավարությանը ստորագրելու Սևրի պայմանագիրը, իրենք էլ գիտեին, որ Սևրի պայմանագիրը չի իրականանա, որովհետև նրանք արդեն բոլշևիկներից գաղտնի ցանկանում էին Քեմալի հետ դաշինք կնքել, մերձենալ քեմալական շարժման հետ։ Իսկ արդյունքում ստացվում էր հետևյալը, որ անորոշ վիճակ էր ստեղծվում, և պարզ չէր, թե ինչպես էր հնարավոր այդ տարածքները տալ Հայաստանին։ Նախ, շարունակվում էին Հայաստանի և նրա անմիջական հարևանների տարածքային վեճերը: Եվ ընդհանրապես, մի բան ասեմ՝ Հայաստանի առաջին հանրապետության շրջանում կնքված ոչ մի պայմանագիր չի իրականացել: Եվ ուրիշ հանգամանք. Սևրի պայմանագիրը շատ կասկածելի էր իրականանալու առումով, որովհետև պայմանագրի կնքելու օրը՝ օգոստոսի 10-ին, կնքվեց Թիֆլիսի համաձայնագիրը, որով արդեն վիճելի էին դառնում Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը։

– Ի՞նչ էր նախատեսում Թիֆլիսի համաձայնագիրը։

– Այն նախատեսում էր, որ այս երեք շրջանները պիտի ռազմակալվեն Կարմիր բանակի կողմից, մինչև այդ հարցը կորոշվի խորհրդաժողովների ժամանակ։

Սևրի դաշնագրով, կարծեմ, նախատեսվում էր, որ Ադրբեջանի և Վրաստանի հետ հարցերը պետք է կարգավորվեին ուղիղ, երկկողմ բանակցությունների միջոցով։ Ճի՞շտ է։

– Այո, այդպիսի խնդիր կար տեսականորեն, բայց գործնականում դա արդեն հնարավոր չէր, որովհետև արդեն ասացի, որ դաշնակիցներն իրենք արդեն բոլորովին ուրիշ քաղաքական հովերով էին տարված, ցանկանում էին ամեն կերպ Քեմալին քաշել իրենց կողմը, իսկ այս վիճակում Քեմալը, լինելով շատ խորամանկ քաղաքական գործիչ, մի կողմից օգտագործում էր բոլշևիկյան օգնությունը, մյուս կողմից էլ բոլշևիկներից թաքուն հարաբերություններ էր սկսել դաշնակիցների հետ։

Մյուս կարևոր հանգամանքը, որը մենք չպետք է անտեսենք, այն է, որ իրավարար վճիռը, որը պիտի կայացներ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, որից հետո Հայաստանին պիտի անցնեին Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթները, ընդ որում՝ ոչ ամբողջությամբ, դրան հավատալը ինքնին այդ օրերի հայ քաղաքական մտքի ռոմանտիկ դրսևորումների արդյունք էր, որովհետև կան բազմաթիվ փաստաթղթեր, որ Վիլսոնն արդեն մտածում էր, որ այս տարածաշրջանում ինքը չի կարող խնդիր իրականացնել, քանի որ բոլշևիկները վերադառնում են։ Նրանք դիտարկում էին այս տարածաշրջանը ռուսական հեղափոխության տեղատվության արդյունքում անկախ հանրապետությունների ստեղծման մի տարածաշրջան, որոնց քաղաքական ապագան նորից կապված է Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Դրա համար նրանք վախվորած էին մոտենում հարցին։

Հիմա, ինչպե՞ս էր հնարավոր, որ իրականանար Սևրի պայմանագիրը: Դա կիրականանար միայն մի դեպքում. եթե դաշնակիցներն իրենք կռվի մեջ մտներին նոր Ռուսաստանի, քեմալական Թուրքիայի հետ և այդ տարածքները տային Հայաստանին։ Բայց եվրոպական ժողովուրդները արդեն հոգնել էին պատերազմներից և հետագայում՝ Լոնդոնի, Լոզանի խորհրդաժողովներում, նրանք պարզ հասկացնում էին մեր պատվիրակներին, որ իրենք չեն գնալու դրան։ Հասկացնում էին՝ գնացեք և բավարարվեք Հայաստանի ավելի նեղ սահմաններով։ Իսկ երբ 1920 թվականի նոյեմբերի 22-ին Վուդրո Վիլսոնը գծեց այդ հայտնի սահմանները, քարտեզը դա ուղղակի նկարչություն էր։ Սա կարող է մի քիչ խորթ հնչել, բայց իրականում երբ նա գծեց այդ սահմանները, և մեր պատվիրակները կրկին ասում էին՝ վիլսոնյան Հայաստան, նրանք դարձյալ ընկել էին քաղաքական ռոմանտիզմի գիրկը, որովհետև նրանք հաշվի չէին առնում կարևոր հանգամանք. որ այդ օրերին թուրքը արդեն Ալեքսանդրապոլում էր, իսկ ռուսը մտնում էր Քարվանսարա։ Հիմա, այս պայմաններում դու ինչպե՞ս ես իրականացնում Սևրի պայմանագիրը։

Պատմաքաղաքական իրադարձությունները ի վնաս հայ ժողովրդի էին ընթանում, և այդ պատճառով ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարները պետք է ընթանային միանգամայն այլ քաղաքական ուղեգծով, բավարարվեին ավելի քիչ սահմաններով Հայաստանով և արդեն Սևրի պայմանագրի կնքելուց առաջ լուրջ հաշվարկներ անեին, հասկանային, որ իրենք պիտի գնան ավելի նեղ սահմաններով Հայաստանի պահանջին և նույնիսկ պիտի փորձեին բանակցել քեմալականների հետ։ Եթե բանակցեին քեմալականների հետ, հավատացեք, որ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը չէր լինի։

Ինչ վերաբերում է Սևրի պայմանագրի իրավական հիմքին և այն հարցին, թե ինչ իրավական ուժ ունի պայմանագիրն այսօր, ապա դա աբսուրդային մտածողության հետևանք է, որ այն իրավական հիմք ունի:

– Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի իրավարար վճիռը կա, որն իր ուժը չի կորցրել։ Այս տեսանկյունից ի՞նչ կարող եք ասել։

– Նախ, Սևրի պայմանագրի այդ կետերը չեն իրականացել, քանի որ պայմանագիրը չեղյալ էր հայտարարվել Լոզանի կոնֆերանսում։ Իսկ ես քիչ առաջ ասացի, որ 89-րդ հոդվածով նախատեսվում էր գծել Հայաստանի սահմանները, որը պիտի ճշգրտի Վուդրո Վիլսոնը, իսկ Լոզանում Սևրի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել: Երկրորդ՝ այլ հարց է, որ այստեղ նշված լինի, որ սրանք Հայաստանի պատմական տարածքներն են, որոնք պիտի վերադարձվեն Հայաստանին: Բայց այն պետությունները, որոնք Թուրքիայի հետ կքնել են Սևրի պայմանագիրը, այդ նույն պետությունները Թուրքիայի հետ կնքել են մեկ ուրիշ պայմանագիր, որ Սևրով նախատեսված տարածքները փոխանցվում են Թուրքիային: Եվ Վուդրո Վիլսոնի գծած տարածքները ոչ մի իրավական հիմք չունեն: Իսկ Վիլսոնի սահմանագծումից հետո շատ բաներ փոխվեցին։ Հայաստանի Հանրապետությունը իր վերջին օրերն էր ապրում։ Եվ այնտեղ արդեն եկավ երևանյան համաձայնագիրը, հետո՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրված Ալեքսանդրապոլի համաձայնագիրը, որոնք կրկին որևէ իրավական հիմք չունեին։

Պարոն Ներսիսյան, Սևրի դաշնագրով նախատեսված էր, որ Հայաստանի տարածքը պետք է լինի մոտ 160 հազար քառ. կմ, բայց սրան հակառակ, երբ Հայաստանը խորհրդայանացվեց, ուներ ընդամենը 29 հազար քառ. կմ և նույնիսկ կորցրեց ավելի շատ տարածքներ՝ Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը և այլն։ Պատճառը, Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունների ոչ իրատեսական ու ռոմանտիկ մոտեցո՞ւմն էր, որ սխալ հաշվարկ կատարվեց Արևմուտքի վրա, անտեսվեց Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում:

– Դուք շատ հետաքրքիր ու տեղին հարց եք տալիս, և այդ հարցը պահանջում է հետևյալ պատասխանը. առհասարակ, մենք՝ հայերս, մեր քաղաքական գործիչները, պետական այրերը, նաև պատմաբանները պատմական այս կամ այն իրադարձության մեջ մեղքի բաժինը միշտ փնտրում են ուրիշի մեջ, չունեն այն քաջությունը, որ ասեն՝ այս հարցում էլ մենք ենք սխալ։ Իսկ ով այդ սխալները վեր չի հանում, (իհարկե, ոչ դատավորի կեցվածքով), նա ապագայում էլ կսխալվի։

Հիմա՝ կոնկրետ ձեր հարցի վերաբերյալ, թե ի՞նչ սխալներ ենք մենք այդ ժամանակ թույլ տվել: Մենք չենք հասկացել հետևյալ պարզ ճշմարտությունը, որ Սևրի պայմանագրի կնքման օրերին արդեն ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել էր և գնում էր ռուս-թուրքական մերձեցում։ Այս պայմաններում մեր քաղաքական ղեկավարները սխալ թույլ տվեցին: Իհարկե, ոչ բոլորն էին այդպես մտածում. կային նաև սթափ մտածողներ, օրինակ՝ Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը, մինչ այդ՝ Արամ Մանուկյանը, որը շուտ մահացավ, այլապես իրադարձությունները երևի բոլորովին այլ կերպ կընթանային:

Այս իրավիճակում հայ քաղաքական միտքը պետք է իր հայացքն ուղղեր դեպի Ռուսաստան-Թուրքիա դաշինքը, այն կետը, որից բռնելով՝ մենք շատ տարածքներ կարող է պահեինք, թեպետ Սևրի պայմանագիրը չէր իրականանա, գոնե Կարսը կպահեինք։ Մենք Սևրի պայմանագրի օգոստոսյան օրերին, նույնիսկ դրանից առաջ, երբ Շանթի պատվիրակությունը գտնվում էր Մոսկվայում և բանակցում էր, պիտի փորձեինք լեզու գտնել քեմալականների հետ: Ընդ որում, դաշնակիցներն էլ էին մեզ դա ասում: Օրինակ՝ Լոնդոնի, Լոզանի խորհրդաժողովներում, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացվել էր, Ավետիս Ահարոնյանն ասում էր՝ Էրզրումը մեզ տվեք, Լլոյդ Ջորջն ասում էր՝ բայց Էրզրումն ինչպե՞ս տանք ձեզ, դուք գիտե՞ք՝ Հայաստանում ինչ է տեղի ունենում, ենթադրենք տվեցինք, դուք դա ինչպե՞ս եք գրավելու: Հիմա մենք ասում ենք՝ Լլոյդ Ջորջը զոհաբերեց Հայաստանը, բայց էն մարդը ճիշտ է ասել, ինչի՞ չես ընդունում, որ դու ես սխալ:

Եվ մեր քաղաքական միտքը այս ամբողջ քաղաքական իրադարձությունների հետնախորքի վրա սխալ կողմնորոշվեց: Արդյունքում Հայաստանը դիտվեց, ինչպես այն ժամանակ էր ընդունված ասել, որպես «միջազգային իմպերիալիզմի դաշնակից», և արդեն Բաքվում կայացած «Արևելքի ժողովուրդների» խորհրդաժողովում (ցավոք սրտի, այնտեղ նստած էին նաև հայ բոլշևիկներ), կոչ արվեց՝ գրոհ, պատերազմ իմպերիալիստների, դաշնակցական Հայաստանի դեմ, և մենք կորուստներ կրեցինք: Իսկ եթե մենք գնայինք բանակցությունների թուրքերի հետ… Ոմանք ասում են՝ Քեմալը մեզ կխաբեր: Բայց դու ի՞նչ գիտես, որ կխաբեր: Քաղաքականության մեջ այդպես չեն գործում. պիտի գնաս ռիսկի: Կարող է՝ նա չէր խաբում, էն մարդու տեղն էլ էդքան «լայն» չէր:

Մյուս կողմից՝ մենք ասում ենք՝ ռուսները և թուրքերը բաժանեցին Հայաստանը: Ճիշտ են ասում, բայց ես ձեզ հավատացնում եմ՝ 20 թվին ռուս-թուրքական ոչ մի պայմանագրով, ոչ մի փոխհարաբերության մեջ հստակ կերպով մատնանշված չէ, թե ինչը պիտի մնա թուրքերին, ինչը պիտի մնա ռուսներին: Հայաստանը բաժանվեց արդեն 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով: Եվ ի՞նչ տեղի ունեցավ. երբ Կարաբեքիրը առաջ եկավ, հասավ մինչև Ալեքսանդրապոլ, Լեգրանը եկավ Երևան և կտրուկ դրեց խնդիրը, բյուրո-կառավարությունը հրաժարական տվեց նոյեմբերի 20-ին, 23-ին նրա հրաժարականն ընդունեցին, եկավ Սիմոն Վրացյանի կառավարությունը: Լեգրանը կտրուկ կերպով դրեց խնդիրը՝ Հայաստանը պետք է հայտարարվի խորհրդային: Փաստաթուղթ կա, ես կարդացել եմ, որտեղ նա ասում է՝ եթե դուք ավելի շուտ ձեզ հռչակեիք խորհրդային, մենք կարող էինք ստիպել թուրքերին առաջ չգալ:

Այստեղ նաև մի ուրիշ խնդիր կա՝ անկախության գաղափարը մեր ժողովրդի մեջ հասել էր ընդհանրության, արդեն մտածում էին՝ ինչպե՞ս կարելի է հրաժարվել անկախությունից, որովհետև անկախությունը ամենավեհ արժեքն է: Բայց երբ տեսնում ես, որ չես կարող այդ անկախությունը պահել, որովհետև ի վիճակի չես կռվելու, պիտի գնաս նրան, որ թեկուզ շատ զոհելով՝ ինչ-որ մի բան պահես, բայց դու արեցիր այնպես, որ առավելագույնը զոհեցիր, տարածքային շատ կորուստներ տվեցիր: Կարող էիր Կարսը պահել:

Պարոն Ներսիսյան, երբ նկարագրում եք 1920 թ. պատմական հայտնի դրվագները՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը, Ռուսաստանի քաղաքականությունը, և թե ինչպես Հայաստանը բաժանվեց ռուսների ու թուրքերի միջև, ինչպես ասում են՝ Հայաստանը հայտնվեց ռուսական մուրճի և թուրքական սալի միջև, կարծես խոսեք այսօրվա քաղաքական իրողությունների՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Զուգահեռներ տեսնո՞ւմ եք այսօրվա իրականության հետ:

– Բոլոր դեպքերում էլ կարելի է զուգահեռներ անցկացնել։ Զուգահեռ անցկացնելը նշանակում է նաև ճիշտ դասեր քաղել պատմական իրադարձություններից։ Այո՛, զուգահեռներ իսկապես կան։ Ես ինքս առհասարակ դեմ եմ մաքսիմալիզմին: Հիմա էլ կան շատ հայ քաղաքական գործիչներ, որոնք դնում են այսպիսի խնդիր՝ ոչ մի զիջում: Հիմա որ հեռուստաալիքը միացնում ես, ասում է՝ մեր նախագահը զիջում է տարածքները, Կազանի փաստաթուղթ և այլն: Դա հարցի մի կողմն է, բայց քաղաքականության մեջ ընդհանրապես փոխզիջումները ընդունված բան են այն դեպքում, երբ դու պատերազմում վերջնական հաղթանակ չես տարել: Ինչպե՞ս է ավարտվում պատերազմը. պատերազմն ավարտվում է կա՛մ այն դեպքում, երբ հակառակորդը պարզում է սպիտակ դրոշը, զինադադարին հաջորդում է խաղաղության պայմանագիրը, որով հստակեցվում են սահմանները, կա՛մ էլ պիտի գնաս փոխզիջումների և ինչ-որ մի բան զոհելով՝ ինչ-որ մի բան պահես: Այս տեսանկյունից ինչ-որ մի զուգահեռ կարելի է տանել: Ոմանք հիմա կարող են կարդալ այս հարցազրույցը և ասել, թե պրոֆեսոր Ներսիսյանը կողմ է զիջումներին: Ես ասում եմ պատմական ճշմարտությունը, և դա պատմության բոլոր ժամանակների օրենքն է եղել՝ եթե պատերազմում ուզում ես հաղթել, կա՛մ պիտի վերջնական հաղթանակ տանես, կա՛մ էլ պիտի գնաս նվազագույն փոխզիջումների, ոչ թե զիջումների. միակողմանի զիջումներ չեն լինում:

Այս տեսանկյունից ես մտավախություն ունեմ, որ մեր քաղաքական միտքը նորից սխալ է, որքան էլ տարօրինակ հնչի: Մեր քաղաքական միտքը կրկին կարող է սխալվել և մտածել՝ էս երկիրը մեզ հետ կլինի, ինչպես 20 թվին, կստիպի Ադրբեջանին, որ այս տարածքները տան: Ոչ մի երկիր էլ մեզ հետ չի: Մենք ինքներս պիտի մի բան հասկանանք. որ մենք չպիտի կուրորեն կողմնորոշվենք դեպի ինչ-որ երկիր: Մենք պիտի դաշինք կնքենք այն երկրի հետ, որը տվյալ պահին մեզ պետք է:

– Հիմա դեպի ո՞ր երկիրն ենք կուրորեն կողմնորոշվել:

– Հիմա ասեմ: Երբ ամիսներ առաջ ռուս-թուրքական հարաբերութունները ինքնաթիռի պատճառով վատացան, ինձ հարցնում էին՝ ո՞րը պիտի լինի մեր դիրքորոշումը, ես ասում էի՝ մենք պիտի մնանք չեզոք: Ռուսները հայհոյում են թուրքերին, Ժիրինովսկին մի բան է ասում, վաղը մի ուրիշ բան կասի, բայց նրանք վաղը-մյուս օրը կարող են կրկին մերձենալ: Եթե դու դարձար հակաթուրք, ի՞նչ ես շահում: Եվ շատ-շատերը վեր են կենում ասում են՝ տես, թե ռուսները հեսա ինչ են անելու, վերցնելու են մեր հողերը, մեզ տան: Բայց չեզոքությունը անհրաժեշտ է պահպանել: Ռուսաստանը երբ պետք է՝ բարեկամանում է իր դարավոր թշնամու հետ, երբ պետք է՝ թշնամանում է: Ռուսը միշտ կռվել է թուրքի դեմ:
– Ցավալիորեն, մեր շահերի հաշվին են միշտ բարեկամանում:

– Չի կարող ռուս-թուրքական մերձեցումը կամ թշնամանքը ինչ-որ կերպ չազդել հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքական իրադարձությունների վրա, որովհետև մենք ճանապարհի վրա ենք: Դա չի կարող ազդել մեր և թուրքերի հարաբերությունների վրա, բայց մենք և թուրքերը մի բան պիտի մտածենք, որ ինչ էլ որ լինի, ինչ խնդիր էլ որ ունեցել ենք թուրքերի հետ և ունենալու ենք, այդ խնդիրը մենք ենք լուծելու: Ոչ ոք չի լուծելու այդ խնդիրը մեզ համար: Եվ սա ամենակարևոր պատմական դասն է նաև Սևրի պայմանագրից: Օրինակ, թուրքական իշխանություններն ի՞նչ էին ասում Խատիսյանին Սևրի պայմանագրի ստորագրման օրերին, դրանից առաջ: Ասում էին՝ հրաժարվեք ձեր պահանջներից, մենք ձեզ կտանք Բայազետը, Ալաշկերտը, Ռիզեն: Տրապիզոնը մոռացեք: Իսկ մերոնք ասում էին՝ ծովից ծով Հայաստան: Հիմա սա ճի՞շտ էր: Եթե ճիշտ լիներ, հիմա իրականություն կլիներ:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի նորանկախ հանրապետության քաղաքականության մեջ կա՞ Սևրի դաշնագիրն իրագործելու կամ դրա կետերին հետամուտ լինելու նպատակ։ 2015 թ. հունվարին ՀՀ նախագահի գլխավորությամբ, սփյուքռի կառույցների հետ միասին ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որտեղ արժևորվում էր 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը և նրա դերն ու նշանակությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այս տեսանկյունից որևէ քաղաքականություն տեսնո՞ւմ եք:

– Այդ հռչակագրում մի փոքրիկ անդրադարձ կա Սևրի պայմանագրին, բայց այնտեղ չկա հողերը վերադարձնելու հարց։ Այս հարցում ես հոռետես եմ։ Ընդհանրապես անհնար բան է մտածել, որ Սևրի պայմանագիրը կիրականանա, կամ հողերը մեզ կվերադարձնեն: Նախ, եթե մենք ունենանք հզոր պետություն և հզոր բանակ և ուզենանք խնդիր լուծել, մեր խնդիրը թուրքի հետ չի լինելու, մեր խնդիրը քրդի հետ է, որովհետև մատնանշած տարածքները, բացառությամբ Տրապիզոնի նահանգը, ամբողջովին Քրդստան է: Սա մեր քաղաքական մտքի մեկ այլ սխալն է, որ նրանք շատ են ուրախանում՝ ասելով, թե տեսեք, թե քրդերն ինչ են անում թուրքերին, քրդերը պայթեցրեցին, դուրս եկան Էրդողանի դեմ:

Իմ խորին համոզմամբ՝ այստեղ մենք ավելի շատ տխրելու առիթ ունենք. ինչքան քրդերը թույլ, այնքան մեզ համար լավ: Ինչքան էլ հայհոյենք Էրդողանին, իսկ հայն իր էությամբ հակաթուրք է, այնուամենայնիվ, մինչև Էրդողանը ոչ մի քրդացած հայի թոռ վեր չի կացել ու ասել՝ իմ պապը հայ է: Սա քի՞չ բան է:

Պարոն Ներսիսյան, երբ մի կողմից պաշտոնական Երևանը սկսում է հայ-թուրքական հաշտեցման, սահմանները ճանաչելու, բացելու գործընթաց, բայց մյուս կողմից հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման կամ հետևանքների հաղթահարման հարցում արժևորում է Սևրի պայմանագրի դերը, այստեղ հակասություն չկա՞։

– Իհարկե կա հակասություն։ Մի կողմից վեր ես կենում ու ասում՝ ճանաչե՛ք ցեղասպանությունը, Թուրքիա, ճանաչի՛ր ցեղասպանությունը, և մյուս կողմից ասում ես՝ բարձրացնենք Սևրի պայմանագրի խնդիրը: Բնականաբար, կա հակասություն, որովհետև եթե Թուրքիայի հետ ինչ-ինչ տարածքային խնդիրներ ես ուզում լուծել, չպիտի պահանջես ու ասես՝ Թուրքիա, ճանաչի՛ր ցեղասպանությունը, և այդ ճանաչման արդյունքում ակնկալես, որ նա տարածքներ կվերադարձնի: Ընդհակառակը, այդ դեպքում նա չի ճանաչի ու չի վերադարձնի: Ինչպե՞ս պիտի ստեղծվի հայրենիքը: Հայրենիքը չի ստեղծվում ուռա-կեցցեական բառերով: Հիմա մենք էլ կարող ենք հայհոյել թուրքերին, բայց քաղաքականությունը պահանջում է սառը դատողություն: Հիմա դու ասում ես՝ Ցեղասպանություն: Մի հետաքրքիր բան ասեմ՝ այն երկրները, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, Ցեղասպանությունը ճանաչելով՝ արդյոք դնո՞ւմ են Թուրքիայի կողմից հատուցման հարց: Չեն դնում: Նրանք դատապարտում են այդ իրողությունը: Մենք պիտի կանոնակարգենք Ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Երկրորդ՝ մենք չպիտի ոգևորվենք նրանից, որ այս կամ այն երկիրը ճանաչում է Ցեղասպանությունը, որովհետև դա այդ երկրի ներքին խնդիրն է: Ճիշտ քաղաքականությունը դա է պահանջում: Այստեղ կարևորն այն է, որ Թուրքիան ճանաչի, բայց Թուրքիան չի ճանաչում: Իսկ ո՞ր դեպքում Թուրքիան կճանաչի. Թուրքիան կճանաչի միայն մի դեպքում. եթե մենք հենց Թուրքիայի հետ մեր խնդիրը լուծենք:

Վերադառնամ իմ նախորդ հարցադրմանը. ինչպե՞ս է տարածքը դառնում հայրենիք: Հետևյալ կերպ. երբ գնում ու ապրում ես այդ տարածքում: Հիմա դու ինքդ պիտի գնաս ու քո պապերի հայրենիքում ապրես, ոչ թե ասես՝ Թուրքիա, ճանաչի՛ր Ցեղասպանությունը: Պիտի գնաս, ապրես քրդերի կողքին՝ փոխելով ռեգիոնի էթնիկական պատկերը, պիտի շատանաս: Իսկ լոնդոնաբնակը, փարիզաբնակը, լոսանջելեսաբնակը զգացմունքի վրա են. «Թուրքերը, որ կոտորած են մեր պապերին, տիրած են մեր հայրենիքին, պետք է հատուցեն, պետք է ճանաչեն Ցեղասպանությունը»: Հիմա եթե թուրքերն այդ հողերը տան, կգնա՞ փարիզաբնակը Սասունի սարերի մեջ ապրելու: Իհարկե, չի գնա:

http://www.1in.am/1982038.html

NO COMMENTS

LEAVE A REPLY