Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ

SHARE

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով:

ՀՀ Նախագահը ողջունել է գործընկերոջը մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել բարեկամական, եղբայրական հարաբերությունները Տաջիկստանի հետ: Նշելով, որ հայ-տաջիկական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին եւ ոչ էլ հայ եւ տաջիկ ժողովուրդների բարեկամությանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ այդուհանդերձ, միջպետական հարաբերությունները զարգացնելու դինամիկա կա, որն անհրաժեշտ է երկուստեք հետեւողականորեն խորացնել ու ամրապնդել: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում սիրով սպասում են Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցին, որը համագործակցության նոր եւ բազմաթիվ պայմանավորվածությունների սկիզբ կհանդիսանա:

Տաջիկստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը ջերմ հյուրընկալության արժանացնելու համար: Էմոմալի Ռահմոնը նշել է, որ սա իր երրորդ այցն է Հայաստան եւ հատուկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երեւան, որպեսզի եւս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու ընկերոջը, մտքեր փոխանակելու, քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ համագործակցության հեռանկարը: Տաջիկստանի Նախագահն ընդգծել է, որ եւ՛ ՀԱՊԿ շրջանակներում, եւ՛ երկկողմ փոխգործակցության զարգացման առումով խոսելու բավականին թեմա կա:

NO COMMENTS

LEAVE A REPLY