Պե՞տք է Հայաստանը մասնակցի նախագահների հանդիպմանը, թե՞ ոչ:

Պե՞տք է Հայաստանը մասնակցի նախագահների հանդիպմանը, թե՞ ոչ:

SHARE

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը, ապա հարց է առաջանում, թե որքան նպատակահարմար է ներկայիս ստեղծված իրավիճակում հայկական կողմի մասնակցությունը նախագահների հանդիպմանը: Ըստ «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Կարեն Սիրունյանի՝ եթե հստակ երաշխիքներ չլինեն, ապա Հայաստանը մասնակցելով նախագահների հանդիպմանը թուլացնում է իր միջազգային դիրքերը, և քանի որ տարածաշրջանում հայկական գործոնի մեծացումը բավականին բարձր է, ապա մասնակցելով, առանց խաղաղության երաշխիքների, այդ հավանականությունը կթուլանա: Ըստ փորձագետի՝ քանի դեռ միջազգային հանրությունը և Մինսկի խումբը ագրեսիվ չի որակել ապրիլի սկզբին Ադրբեջանի գործողությունները, Արցախի և ՀՀ-ի դեմ ու համապատասխան քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա Ադրբեջանի ագրեսիան ցանկացած պահի շարունակական կարող է լինել: Միջազգային հանրությունը, ըստ փորձագետի, լուրջ կվերաբերվի հայկական կողմի հայտարարություններին, ներառյալ նաև ԼՂՀ անկախության ճանաչման հայտարարությունը, եթե Հայաստանը մասնակցի բանակցություններին միայն այն դեպքում, երբ կիրականացվեն ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված պայմանները: Իսկ «Արևելեք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանի կարծիքով եթե Հայաստանը մասնակցի նախագահների հանդիպմանը, առանց իր կողմից առաջ քաշված պայմանների կատարման, ապա դա կդիտվի որպես թուլության նշան, բայց մյուս կողմից էլ մեզ համար ավելի նախընտրելի են երկարատև բանակցությունները, քան պատերազմը և կոնֆլիկտի էսկալացիան: Ըստ Մելքոնյանի՝ Հայաստանի կողմից բանակցային գործընթացը կտրականապես մերժելը լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ բանակցային գործընթացում ընդգրկված է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, որոնք մեծ ազդեցություն ունեն հակամարտող երկրների և միջազգային կարծիքի ձևավորման վրա: Ուստի Հայաստանը ևս մեկ անգամ պետք է պահանջի հստակ ձևակերպումներ և երաշխիքներ, որ նախագահների հանդիպումից առաջ ու հետո Ադրբեջանը կոնկրետ քայլեր կձեռնարկի կոնֆլիկտի թուլացմանը ու խնդրի լուծումը կտեսնի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, այլապես հանդիպումը մեզ ոչինչ չի տա:

NO COMMENTS

LEAVE A REPLY