Պատմությունը կրկնվու՞մ է, թե՞ նույն գետը երկու անգամ չեն մտնում

Պատմությունը կրկնվու՞մ է, թե՞ նույն գետը երկու անգամ չեն մտնում

SHARE

Պատմությունը կրկնվելու միտում ունի: Այսօր ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վ. Պուտինին, որում շնորհավորելով ռուս ժողովրդին Ռուսաստանի պետական տոնի կապակցությամբ, հույս է հայտնել, որ թուրք եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, որ այժմ ծանր օրեր է ապրում, կհարթվի եւ կվերադառնա արժանի մակարդակի : Հիշեցնենք , որ իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը արտահայտվել էր ռուս եւ թուրք ժողովուրդների բարեկամության վերականգման օգտին: Մի նամակ էլ ՌԴ վարչապետին հղել է Թուրքիայի նրա գործընկերը, նմանատիպ բովանդակությամբ:
Այսօր ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ուժեղացնել Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողական համակարգերը: Իսկ սա նշանակում է, որ արեւմուտքը այքնա էլ չի վստահում Թուրքիային: Եւ կրկին այսօր ՈՒԵՖԱ-ն խիստ որոշում ընդունեց, կապված Ռուսաստանի հավաքականի ելույթների եւ ռուս երկրպագուների պահվածքի հետ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում:
Արեւմուտքի քաղաքականությունը մի կողմից ՌԴ-ի, մյուս կողմից Թուրքիայի նկատմամբ, անխուսափելիորեն տանում են այս երկու պետությունների մերձեցման, չնայած անցյալ նոյեմբերից Թուրքիայի ռազամօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը լարվածություն առաջացրեց նրանց մինչ այդ «մեղրամիսային» հարաբերություններում: Պատմությունը ցույց է տվել, որ Եվրոպա-Ռուսաստան հարբերություններում Թուրքիան կարողացել է միշտ էլ հաղթանակած դուրս գալ: Եվ այժմ երկու երկրները, որ արեւմուտքի կողմից դատապարտված են «մեկուսացման», կարող են իրար ձեռք մեկնել եւ վերականգնել բարիդրացիական հարաբերությունները:
1920 թ. ապրիլի 26-ին Մուսատաֆա Քեմալը դիմեց Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական եւ բարեկամական հարբերություններ հաստատելու առաջարկով: Թե ինչով վերջացավ այս առաջարկությունը, բոլորիս հայտնի է : Սակայն մինչ թուրքերի հետ բարեկամություն հաստատելն ու մեծ քանակությամբ օգնությունը Խորհրդային Ռուսաստանի իշխանությունենրը փորձեցին իրենց ազդեցության տակ գցել ՀՀ 1-ին հանրապետությանը: Մոսկվա մեկնած Լ. Շանթի պատվիրակությունը, Շանթի անտեղյակության ու անհեռատեսության պատճառով,արագացրեց քեմալ-բոլշեւիկյան մերձցումը: Բավական է ծանոթանալ պատվիրակության անդամ Համաբարձում Տերտերյանի հուշերին եւ պարզ կդառնա, որ հայկական կողմը ձեռքից բաց թողեց առավել քան նպաստավոր պայմաններ, քան տալիս էր Սեւրի պայմանագիրը:
Եւ ահա հենց այս օրերին պատմությունը կրկնվում է եւ արդյո՞ք մենք կխուսափենք նույն գետը 2-րդ անգամ մտնելուց, կախված է Հայաստանի այօրվա վարիչների որոշումներից…
Հ.Գ. Պատմությունը կրկնվում է մի բացառությամբ: 1920 թվականի հոկտեմբերի 30-ին կապիտան Մազմանյանը անկարող լինելով կանխել Հայ զինվորների խայտառակ դասալքությունը Կարսում՝ ինքնասպան եղավ….Մեր օրերում, հայ զինվորները իրենք էին մահը մեկը մյուսից խլում,թշնամուն ոչնչացնում՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը եւ չզիջելով հայրենի հողից մի թիզ:

Վարդան Խառատյան

NO COMMENTS

LEAVE A REPLY