Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն եւ կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար. Սերժ...

Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն եւ կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար. Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

SHARE

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հետեւողական խորացումն ու ընդլայնումը: Այդ մասին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում:

«Վերջին տարիներին մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերություններն իրենց ինտենսիվությամբ եւ հագեցվածությամբ հասել են ամենաբարձր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության եւ մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա: Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը»,- նկատել է Սարգսյանը:

Նրա խոսքով, բազում հարյուրամյակներ շարունակ Հայաստանին եւ Ռուսաստանին կապում է մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը: Մենք ուս ուսի հաղթահարել ենք ժամանակի եւ պատմության բոլոր փորձությունները, ինչն էլ իր հերթին կանխորոշել է մեր միջպետական հարաբերությունների զարգացումը ռազմավարական դաշնակցության ոգով:

«Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է ռազմական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ ակտիվ միջխորհրդարանական եւ միջտարածաշրջանային համագործակցությունը:

Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- նշել է նախագահը:

«ՀԱՊԿ-ի շրջանակում դեռեւս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջեւ ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի եւ շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչեւ ռազմական համագործակցություն:

Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն եւ կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:

NO COMMENTS

LEAVE A REPLY