Չպետք է թույլ տանք, որ թուրք-ադրբեջանական կողմը փորձի վատացնել Միջին Ասիայի ժողովուրդների...

Չպետք է թույլ տանք, որ թուրք-ադրբեջանական կողմը փորձի վատացնել Միջին Ասիայի ժողովուրդների հետ մեր հարաբերությունները. Գևորգ Մելքոնյան:

SHARE

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլում հաճախ են լինում հրապարակումներ այն մասին, թե իբր հայերը մասնակցություն են ունեցել Ֆերգանայի հովտում և Ղրղըզստանի Թուրքմենստան նահանգում տեղի մահմեդական բնակչության կոտորածներին:
«Այն, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլը նպատակաուղղված քաղաքականություն է տանում, որպեսզի մեր հարաբերությունները ղրղըզների, ղազախների ու Միջին Ասիայի մյուս ժողովուրդների հետ վատացնի, դա փաստ է: Ուղղակի վերջին շրջանում դա ավելի բացահայտ է արվում: Քչերը մեր հասարակության մեջ տեղյակ են Ուրկունի մասին, որը թարգմանաբար նշանակում է հուզում, փոթորկում կամ, այսպես կոչված՝ ղրղզների ցեղասպանության կեղծ թեզի մասին»,-ասաց նա և նշեց, որ 1916 թ. հուլիսի 4-ին Ցարական Ռուսաստանի կազմում գտնվող Ղրղըզստանում բռնկվեց մեծ ապստամբություն՝ ընդդեմ մոբիլիզացիայի և որպեսզի թուլացվի Ռուսաստանի ռազմական հզորությունը, Միջին Ասիայում գործող թուրք և գերմանացի էմիսարները սկսեցին կազմակերպել ապստամբություններ և քաղաքացիական պատերազմներ:
«Թուրքմենստան նահանգում սկսված քաղաքացիական կռիվները և ապստամբությունը վերջնականապես ավարտվեցին 1917 թ-ին, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ: Եվ այսօր Թուրքիայի ջանքերով կատարված իրադարձությունները փորձ են արվում ներկայացնել որպես ղրղըզների նկատմամբ իրականցված ցեղասպանություն, որը իրականությանը չի համապատասխանում: Մյուս կողմից՝ նման կերպ թուրքական կողմը փորձում է պատասխանել Ռուսաստանին Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման համար, քանի որ, եթե հիշում եք, ինչպիսի բուռն արձագանք գտավ ՌԴ նախագահի այցը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին»,-ասաց նա:
Գևորգ Մելքոնյանը նշեց, որ 2016 թ. լրանում է Ղրղըզստանում տեղի ունեցած դեպքերի 100-ամյակը, և այդ առիթով անգամ ստեղծվել է պետական հանձնաժողով, որը կատարվածը ցեղասպանություն չի որակում, իսկ թուրքական ազդեցության տակ գտնվող գործիչները ամեն կերպ փորձում են կատարվածին ցեղասպանության որակում տալ և անգամ սկսել են հաշվել ֆինանսական պահանջները:

 

«Կարծում եմ՝ թուրքական և ադրբեջանական կողմերի նման փորձերը՝ Միջին Ասիայի ժողովուրդներին տրամադրել մեր դեմ, հաջողություն չի ունենալու, քանի որ դա չի բխում նաև այդ ժողովուրդների շահերից և որքան էլ փորձեն պատմությունը իրենց ուզած ձևով մեկնաբանել, միևնույն  է դա ժամանակավրեպ է: Օրինակ՝ 1916 թ. դեպքերը ղրղըզների մեծ մասը համարում է քաղաքացիական պատերազմ, և թուրքական կողմի մոտեցումները այդ հարցում չի կիսում: Իսկ մենք պետք է ուշադիր լինենք և արագ արձագանքենք, որպեսզի թույլ չտանք, որ թուրք-ադրբեջանական կողմը փորձի վատացնել մեր հարաբերությունները Միջին Ասիայի ժողովուրդների հետ»,-ասաց նա:

NO COMMENTS

LEAVE A REPLY