Ձգտում ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման՝ հիմնված փոխզիջումների վրա-Սերժ Սարգսյան

Ձգտում ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման՝ հիմնված փոխզիջումների վրա-Սերժ Սարգսյան

SHARE

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բիշքեկում ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իր ելույթում նախագահը նշել է, որ տարին հոբելյանական է և՛ ԱՊՀ-ի, և՛ մեր երկրների համար:

«Մենք տոնում ենք մեր պետությունների անկախության և Համագործակցության ձևավորման 25-ամյակը: Այս ժամանակահատվածում ԱՊՀ-ն իրեն դրսևորել է որպես կարևոր միջպետական ձևաչափ՝ ուղղված բարդ հարցերին պատասխանների որոնմանը, որոնց մենք բախվել ենք 90-ականների սկզբից»:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ համագործակցությունը նպաստել է հետխորհրդային տարածքում տնտեսական, հումանիտար, քաղաքական և այլ կապերի պահպանմանը, ունեցել է իր ներդրումը երկրներում պետականաշինության ընթացքում դրանց հետագա զարգացման գործում:

Նախագահը նշել է, որ ոչ բոլոր սպասելիքներն են արդարացվել, և ոչ բոլոր հարցերն են ստացել պատշաճ լուծում: Դա մասնակիորեն պայմանավորված է եղել նաև Համագործակցության դերի և ապագայի վերաբերյալ մասնակից պետությունների մոտեցումների տարբերություններով:

«2016 թվականը հանդիսանում է յուրահատուկ սահմանագիծ՝ Համագործակցության 25-ամյա փորձը իմաստավորելու, դրա գործունեության անկողմնակալ անաչառ վերլուծության, և այս առումով ԱՊՀ հետագա զարգացման ուղենիշների սահմանման և ժամանակակից իրողություններին վերջինիս ադապտացման համար»:

Սարգսյանը նշել է, որ հանդիպումն ընթանում է միջազգային և տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաև ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը և շարունակվում է միգրացիոն ճգնաժամը:

«Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին:

Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշքեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել:

Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով:

Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»:

Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ.

«Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար»:

Նախագահը նշել է, որ 25 տարի առաջ անկախացած պետություններն այսօր գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում:

«Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է: Այս կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի:

Այս շաբաթ, մեր անկախության 25 տարվա ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը:

«Այս օրերին Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն: Մեր առջև դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

NO COMMENTS

LEAVE A REPLY