ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն

SHARE

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով, հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։ Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ է ունենալու ԻԻՀ ղեկավարության հետ։

ՀՀ արտգործնախարարի այցը հնարավություն կստեղծի, որ Երևանի և Թեհրանի միջև մուտքի արտոնագրի ռեժիմի չեղարկման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ս.թ. հունիսի 2-ի նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը: Կառավարության որոշման նախագծի համաձայն` այս համաձայնագրի ստորագրումը բխում է երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: Երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:

Նշենք, որ երկու երկրները իրենց հարաբերությունների մոտ 25 տարիների ընթացքում որոշակի ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել և առկա է երկուստեք ցանկություն առավել խորացնելու համագործակցությունը։ Կողմերն այսօր խնդիր ունեն զարգացնել համագործակցությունը, որի համար քննարկվելու են ընթացիկ խնդիրները և համատեղ տնտեսական ծրագրերի՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերի, իրականացման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանը, որպես ՀՀ ԱԳ նախարար, վերջին տարիների ընթացքում արդեն տասներորդ անգամ է այցելում Թեհրան, իսկ միջազգային հարթակներում նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ավելի քան երեք տասնյակ հանդիպում, որը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։

Մյուս կողմից կարևոր է, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը Թեհրան տեղի է ունենում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եվրոպական այցելություններից հետո, որի ընթացքում Իրանի և ԵՄ անդամ պետությունների միջև ստորագրվել են մի շարք պայմանագրեր:

Հատկանշական է, որ հունիսի 3-ին Կրեմլը հաստատել է 2016թ. 2-րդ կիսամյակի սկզբում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլ. Պուտինի, Հ. Ռուհանիի և Ի. Ալիևի հանդիպումը Բաքվում: Այս համատեքստում կարևոր է, որ կազմակերպվի ԻԻՀ նախագահի այցը Երևան, որի մասին քննարկումները չեն կորցրել իրենց հրատապությունը: Ավելին այդ կերպ իրանական կողմը կամրագրի իր հավասարակշռված քաղաքականություն վարելու պատրաստակամությունը տարածաշրջանում:

Իրանագետ Կարեն Մկրտչյան

NO COMMENTS

LEAVE A REPLY