Հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցերի շուրջ

Հայ-իրանական երկաթգծի կառուցման հարցերի շուրջ

SHARE

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է կողմերի ուշադրության և պաշտոնատար անձանց հանդիպումների քննարման առարկան: Այդ նպատակով կատարվել են տեխնիկական ուսումնասիրություններ, իսկ այսօր արդիական է դարձել նախագծի ֆինանսական խնդիրների լուծումը: Ահա այս նպատակով է, որ ընթացիկ ամսին Հայաստան կժամանեն իրանցի մասնագետները՝ օգնելու հայկական կողմին Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հարցում: Անխոս, երկաթգծի կառուցումը Հայաստանի Հանրապետության համար ունի ոչ միայն և ոչ այնքան տնտեսական՝ տրանսպորտային, առևտրական, որքան քաղաքական չափազանց կարևոր նշանակություն:

Հեռահաղորդակցության այդպիսի մեծամասշտաբ ծրագրի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետության համար կբացվեն նոր ուղիներ, որոնց միջոցով երկիրը կապ կհաստատի Պարսից ծոցի ավազանի երկրների հետ, դուրս կգա Հնդկական օվկիանոս: Ֆինանսական մեծ միջոցներ կլանող այս ծրագիրն իրականցնելու համար այսօր որոշակի հետաքրքրություններ են ցուցաբերում Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու նախագծի աշխատանքներին: Այդ պետությունների ներգրավմամբ մեծանում է նախագծի նկատմամբ միջազգային հնչեղությունը։ Իրան–Հայաստան երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3.5 միլիարդ դոլար:

Այս համատեքստում կարևոր քայլեր է իրականացնում հայկական կողմը, որը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմամբ, փաստորեն երկաթուղային տրանսպորտին զուգահեռ, ապագայում իրանական կողմին հնարավորություն կտա օգտվել ՀՀ հյուսիսը հարավին կապող ավտոճանապարհից: Նշելի է, որ նախկին բետոնային ճանապարհը՝ Ագարակից սկսած, փոխվել է ասֆալտապատ ճանապարհով ու երկու տարի անց կունենաք Ագարակ-Սիսիան հատվածը, որը 70 կմ–ով կրճատում է ճանապարհը։ Քաջարանի մոտ կառուցվելու է 5 կմ երկարությամբ թունել, որով առաջարկվում է իրանցիներին մինչև երկաթգծի կառուցման համար գումար գտնելը, հասնել մինչև Երասխ, որտեղից էլ համեմատաբար ավելի լավ և որակյալ ճանապարհով դուրս կգան Վրաստան և Սև ծով: Այս հարցում էլ պայմանավորվածություններ կան իրանական մի քանի տրանսպորտային ընկերությունների հետ։

Հեռահաղորդակցության ոլորտում կան այլ ծրագրեր ևս: Շուրջ մեկ ամիս առաջ Ժնևում տեղի ունեցած ամենամյա հավաքին՝ Տեղեկատվական հասարակության ֆորումի համաշխարհային գագաթնաժողովին, հանդիպեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը և ԻԻՀ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Դոկտոր Մ. Վայեզին: Ուշագրավ է, որ Վայեզին այդ ժամանակ ընդգծել է, որ իրանական կողմը պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ կիբերանվտանգության, հետազոտությունների զարգացման, կապի արտադրության, հեռահաղորդակցության սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ՏՏ այլ ոլորտներում: Բացի նշվածից քննարկվել են ոչ պակաս կարևոր նշանակության հարցեր, օրինակ՝ ԻԻՀ և ՀՀ քաղաքացիների համար հեռախոսային կապի միջազգային սակագների իջեցման հարցը:

Հեռահաղորդակցության ոլորտում վերոնշյալ հարցերի լուծումը, անշուշտ, կունենա իր դրական նշանակությունը երկկողմ հարաբերությունների խորացման համար, քանի որ տնտեսական կապերի զարգացման համար առաջին հերթին կարևոր է կայուն, անխափան և ժամանակակից հեռահաղորդակցության ապահովումը:

իրանագետ Կարեն Մկրտչյան

NO COMMENTS

LEAVE A REPLY