Հայաստանում անցած տարի ԱԱՀ հավաքման լուրջ անկում է գրանցվել

Հայաստանում անցած տարի ԱԱՀ հավաքման լուրջ անկում է գրանցվել

SHARE

Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի պետբյուջե վճարված հարկերի գումարը տարեկան կտրվածքով ավելացել է վերջին ժամանակների համար անհավանական մեծությամբ՝ 8․0 տոկոսով։ Բայց նույնիսկ այդ ռեկորդը չի թույլ տվել փոխհատուցել այն անկումը, որը եղել է նախորդ ամիսներին։ Դրա համար էլ պետբյուջեի հարկային եկամուտները անցած տարի աճել են ընդամենը խորհրդանշական 1․1տոկոսով։

Դանդաղ աճի հիմնական «մեղավորը» ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ)։ Չնայած դեկտեմբերյան երկնիշ աճին, տարեկան արդյունքը մինուս նշանով էր՝ գրեթե 33 մլրդ դրամի կամ 7․7 տոկոսի անկում։ Հավելենք, որ ԱԱՀ-ն հարաբերականորեն դանդաղեցրել է պետբյուջեի հարկերի ներհոսքը 3․1 տոկոսով։

Կատարենք փոքր հաշվարկ՝ ընդհանուր ցուցանիշից հանենք եկամտահարկն ու նպատակային սոցիալական վճարները։ Այդ դեպքում պատկերը նկատելիորեն կփոխվի՝ հարկահավաքության աճը կփոխարինվի անկումով՝ 1․6 տոկոսի։

Ուշագրավ է, որ հարկերի (այդ թվում ու առանձնապես ԱԱՀ-ի) հավաքման ոլորտում բացասական երեւույթները տեղի են ունենում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի ֆոնին (տարեկան կտրվածքով 6․7 տոկոսով)։ Ընդ որում արդյունաբերական արտադրանքի գների գործակիցը կազմել է 1․5 տոկոս։ Ստացվում է, որ ընթացիկ գներով ցուցանիշը աճել է ավելի քան 8 տոկոսով։ Այստեղից կարելի է ենթադրել, որ հարկերի հետ կապված խնդիրը կապակցված է ոչ թե արդյունաբերության, այլ մանրածախ առեւտրի ու մի շարք ծառայությունների հետ։

Անցած տարի մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել էր 108․5 մլրդ դրամով կամ 8 տոկոսով։ Ընդ որում նախորդ տարին նույնպես ավարտվել էր անկումով։ Մոտավորապես նույն իրավիճակն է առանձին ծառայությունների ոլորտում (մանավանդ կապի ոլորտում)։ Ավելի վաղ մեր հրապարակումներում նշել էինք, որ դա Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի կրճատման հետեւանքն է։ Մեր հասարակության մի մասի եկամուտները զգալիորեն կրճատվել են, ինչը հանգեցրել է վերոնշյալ զգալի անկմանը մանրածախ ապրանքաշրջանառության ու մի շարք ծառայությունների ծավալում։ Արդյունքում այդ ոլորտում հարկային բազան կրճատվել է։

news.am

NO COMMENTS

LEAVE A REPLY