Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից-Նալբանդյան

Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից-Նալբանդյան

SHARE

Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում․ մի կողմից ասում են, որ պատրաստ են մասնակցել հանդիպումների, որոնք նախաձեռնվում են եռանախագահող երկրների կողմից, մյուս կողմից հայտարարություններ են անում՝ ըստ էության, հակադրվելով եռանախագահների մոտեցումներին։ Այս մասին նոյեմբերի 8-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Համբուրգում հանդիպումից ունեցած սպասումները:

Նախարարը նշել է, թե Ադրբեջանը յուրօրինակ կերպով է մոտենում համանախագահների առաջարկություններին։ «Հիշեցնեմ, որ եռանախագահները բազմիցս ասել են և կրկնել, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության։ Համանախագահները բազմիցս հայտարարել են, որ այդ սկզբունքները, նաև իրենց կողմից առաջարկված տարրերը, որոնք հիմնված են այդ սկզբունքների վրա, ներկայացնում են մեկ ամբողջություն։ Փորձերը՝ տարանջատելու այդ սկզբունքները, տարրերը մեկը մյուսից անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը։ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք իսկապես ցանկանում է, որ համանախագահության ձևաչափում շարունակի բանակցությունները։ Որովհետև մի կողմից ասում է, որ պատրաստ է մասնակցելու հանդիպումներին, բայց մյուս կողմից դուրս է գալիս եռանախագահների առաջարկների դեմ, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմք»,- նշել է նախարարը եւ հավելել. «Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից մինչ այսօր Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն։ Նրանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի կտրուկ սրման, դրա վերաբերյալ հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում։ Ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար»։

Նալբանդյանի խոսքով, Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից։ «Հայաստանը, մասնակցելով այդ հանդիպումներին, ընդունել է նաև այն շրջանակը, որ առաջարկվում է բանակցությունների համար եռանախագահների կողմից։ Հենց դա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։

Նա արձանագրել է, որ սաստկացել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները հակամարտության գոտում։ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Համբուրգում կայանալիք հանդիպման ձևաչափը դեռ հստակեցված չէ։ Կտեսնենք, ըստ զարգացումների, և կտեսնենք, թե ինչ առաջարկներ կլինեն եռանախագահների կողմից այդպիսի հանդիպումներ կազմակերպելու շուրջ։ Բայց մեկ բան վստահ եմ, որ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»։

NO COMMENTS

LEAVE A REPLY