Իրան–Հայաստան երկաթուղու երեք տարբերակ

Իրան–Հայաստան երկաթուղու երեք տարբերակ

SHARE

Ի՞նչ ուղղությամբ կձգվի Իրան–Հայաստան երկաթուղին կառուցվելու դեպքում։
Ըստ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանի՝ դեռ վաղ է այս մասին խոսելը, քանի որ դեռ չի ձեւավորվել համապատասխան պետական հանձնաժողովը, որի կազմավորման մասին կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը. «Բացի այդ, նմանատիպ պետական հանձնաժողով կստեղծվի նաեւ Իրանում, որից հետո կունենանք հանդիպումներ, եւ կլինեն բանակցություններ։ Հնարավոր է, որ ստեղծվի նաեւ ընդհանուր մի հանձնաժողով»։
Պաշտոնական Երեւանն իր շահագրգռությունը հայտնել է հիշյալ երկաթուղու կառուցման վերաբերյալ։ Ի դեմս վերջերս Երեւան այցելած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրենի՝ ռուսական կողմը եւս պատրաստակամություն էր հայտնել ծրագրին մասնակցելու համար։
Այդուհանդերձ, թեեւ Իրան— Հայաստան երկաթուղին առայժմ գոյություն ունի միայն տեսականորեն, նախարար Գ. Սարգսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում հայտնեց, որ կառուցվելու դեպքում իրանական հատվածում, ըստ նախնական տարբերակի, ռելսերը կձգվեն «Մերանդ» կայարանից դեպի հայկական «Մեղրի» կայարան. երկարությունը Իրանի տարածքում կկազմի մոտ 100 կմ։ «Մեղրիից մինչեւ Ջերմուկ բոլոր տարբերակները կլինեն նույնը։ Ջերմուկից այս կողմ արդեն կա երեք տարբերակ՝ Ջերմուկից դեպի Սոթք, Ջերմուկից Սելիմի լեռնանցքով դեպի Մարտունի քաղաք, որտեղից կշարունակվի դեպի Գավառ քաղաք, հետո Սեւան եւ «Գագարին» կայարան։ Իսկ երրորդ տարբերակով երկաթգիծը կձգվի Ջերմուկից դեպի «Երասխավան» կայարան»,– ասաց Գ. Սարգսյանը՝ հավելելով, որ, օրինակ «Գագարին» կայարանից երկաթգիծը կշարունակվի դեպի Դիլիջան քաղաք, որից հետո մի փոքր հատված կառուցելով այն կմիանա Վանաձոր քաղաքին։
«ՀՀ»—ն տրանսպորտի եւ կապի նախարարից փորձեց ճշտել, թե ո՞րն է ամենից նախընտրելի տարբերակը. Գ. Սարգսյանը նախ տեղեկացրեց, որ Ջերմուկից դեպի «Երասխավան» եւ դեպի Մարտունի հատվածները երկարության առումով կլինեն նույնը. «Մեղրից մինչեւ «Երասխավան» կայարան ճանապարհի երկարությունը կկազմի 443 կմ, իսկ մինչեւ Մարտունի քաղաք՝ 449 կմ։ Իհարկե, նախընտրելին այս պահի դրությամբ կարճության առումով մնում է դեպի Սոթքը, որի երկարությունը կազմում է 370 կմ»։
Ծախսերի առումով զրուցակիցս նշեց, որ Սոթքի հատվածի դեպքում չնայած ավելի քիչ գումար կծախսվի, քան Մարտունիի եւ «Երասխավանի» դեպքում, սակայն այս հատվածում կան շատ այլ խնդիրներ։ Օրինակ, ըստ նախարար Սարգսյանի, «Սոթքի գիծը բավականին լուրջ ներդրումներ է պահանջում։ Այսօր մեր երկաթուղու հավատարմագրային կառավարիչը իր ծրագրով նախատեսել է այդ գծի վրա ներդնել ավելի քան 250 մլն դոլար այն դեպքում, որ այն ծառայի միայն ներկայի համար։ Եթե հետագայում մենք այդ գծով ավելի մեծացնենք բեռնափոխադրման շրջանառությունը, ապա այդ գնից 2—3 անգամ ավելի ներդրումներ կպահանջվեն։ Բացի այդ, այդ հատվածում շատ ռելսեր փոխարինման կարիք ունեն, իսկ շատ հատվածներ լճի բարձրացման հետեւանքով պետք է փոփոխության ենթարկվեն»։
Չնայած բոլոր տարբերակները դեռ նախնական են, սակայն համեմատության առումով Սելիմի լեռնանցքով երկաթուղի կառուցելը նախարարը նույնպես ճիշտ համարեց, քանի որ, նախ՝ այս հատվածում ավելի քիչ թունելներ կբացվեն եւ ավելի քիչ կամուրջներ կկառուցվեն, քան Երասխավանի դեպքում։ «Նախնական հաշվարկների համաձայն, օրինակ, «Երասխավանի» հատվածում պետք է կառուցվի 28—ից 29 կմ թունել, իսկ Մարտունիի դեպքում՝ 15 կմ։ Սոթքի դեպքում թունելների երկարությունը նույնպես կլինի շուրջ 15 կմ, սակայն երկաթուղու երկարությունը մյուս երկու տարբերակների համեմատ կլինի 70 կմ—ով ավելի կարճ»։ Մարտունիի հատվածով երկաթուղին կառուցելու համար ռելսերը կանցնեն 15 կմ երկարությամբ թունելների եւ 3,5 կմ կամուրջների վրայով։
Ինչ վերաբերում է ծախսերին, մասնագետների հաշվարկներով՝ 1 կմ երկաթուղի կառուցելու համար՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, կպահանջվի շուրջ 2 մլն դոլար։ Գ. Սարգսյանը, ելնելով մասնագետների տվյալներից, նկատեց. «Այսինքն, եթե մենք կառուցում ենք մեր հատվածում 400 կմ երկաթուղի, ապա պետությանը հարկավոր է 800 մլն դոլար։ Բայց դա չի նշանակում, որ այս գումարով մենք կարող ենք ունենալ երկաթգիծ։ Ներկայիս համեստ հաշվարկներով 800 մլն դոլարը պետք է բազմապատկենք երկուսով, որովհետեւ մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ կամուրջներ եւ թունելներ պետք է կառուցվեն»։
Անկախ ամեն ինչից, թե որ տարբերակը կընտրվի, մեր երկրի տարածքում գիծը Մեղրիից Կապան կհասնի անցյալ տարի բացված նոր ճանապարհի հարեւանությամբ, իսկ Կապանից Սիսիան՝ նոր կառուցվելիք ճանապարհի կողքով։
Նախարարը «ՀՀ»—ին հայտնեց, որ ֆինանսավորման վերաբերյալ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ արդեն եղել են քննարկումներ. բոլորն էլ պատրաստ են ֆինանսավորել ծրագիրը։ «Այնպես որ, երբ մենք ուսումնասիրություններն ավարտելուց հետո անցնենք նախագծային փուլ, նախահաշիվները կազմելուց հետո պարզ կդառնան եւ երկաթուղու կառուցման ժամկետները, եւ ֆինանսական միջոցները»,–ասաց Գ. Սարգսյանը։
Գալուստ ՆԱՆՅԱՆ

NO COMMENTS

LEAVE A REPLY