Իրանի Մեջլիսում ստեղծվել է թյուրքախոս շրջանների խմբակցություն

Իրանի Մեջլիսում ստեղծվել է թյուրքախոս շրջանների խմբակցություն

SHARE

Իրանի Մեջլիսում մեծամասամբ թյուրքախոս բնակչություն ունեցող շրջաններից ընտրված պատգամավորները միավորվել են եւ ստեղծել են իրենց խմբակցությունը: Խորհրդարանական նորաստեղծ միավորումը կոչվում է «Թյուրքախոս շրջանների խմբակցություն»: Դրանում ընդգրկվել են հիմնականում Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականից, ինչպես նաեւ Թեհրանից ընտրված պատգամավորներ: Ընդհանուր առմամբ, խմբակցության մեջ մտել է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 100 պատգամավոր: Նկատի առնելով, որ Իրանի Մեջլիսը բաղկացած է 290 պատգամավորներից՝ ստացվում է, որ նորաստեղծ խմբավորում է միավորում է խորհրդարանականների մոտ 34 տոկոսին:

Խմբակցության նախագահ է ընտրվել Թավրիզը ներկայացնող պատգամավոր Մասուդ Փեզեշքյանը:Նորաստեղծ խմբակցությունը իր գլխավոր նպատակ է հռչակել թյուրքախոս շրջաններում առկա խնդիրների վերհանումն ու լուծումը:

Սա Իրանի Իսլամական Հանրապետության պատմության ընթացքում առաջին դեպքն է, որ էթնիկ հիմքի վրա ձեւավորվում է որեւէ քաղաքական միավորում: Չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում այն կարող է վերածվել քաղաքական լուրջ գործոնի: Նման հեռանկարը միանգամայն իրատեսական է, քանի որ արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ ապագայում այն կարող է ընտրություններին մասնակցել առանձին դաշինքի տեսքով:

Չափազանցություն չի լինի նշել, որ էթնիկ հիմք ունեցող խմբակցության ստեղծումը հեռու գնացող քաղաքական նպատակներ ունի: Պատահական չէ,որ Բաքվում նոր խմբակցության ստեղծումը նկատելի ոգեւորություն է առաջացրել: Հաշվի առնելով նաեւ թյուրքախոս շրջանում մերթընդմերթ գլուխ բարձրացնող անջատողականությունը՝ էթնիկ հիմքի վրա ձեւավորված միավորումը ապագայում կարող է սպառնալիք ստեղծել Իրանի ամբողջականության համար: Թեհրանում չպետք է մոռանան, որ Թուրքիան ու Ադրբեջանը Իրանը մասնատելու հավակնոտ ծրագրեր ունեն եւ առանձնապես չեն էլ թաքցնում դա: Դա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որը անջատողական տրամադրություններ է հրահրում Իրանի հյուսիսում:

2012 թվականներին, երբ միջուկային ծրագրի շուրջ ծագած լարվածության պատճառով ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա գրեթե անխուսափելի էր համարվում, Ադրբեջանի Միլլի մեջլիսում քննարկում էին Իրանի հյուսիսային թյուրքախոս շրջանները բռնակցելու հնարավոր տարբերակներ:Մասնավորապես, մեծ աղմուկ էին հանել 2012 թվականի փետրվարին հանրապետությունը Հյուսիսային Ադրբեջան անվանակոչելու շուրջ Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայացած քննարկումները: Միլլի մեջլիսի պատգամավորները պնդում էին, թե հանրապետությունը Հյուսիսային Ադրբեջան անվանակոչելով՝ Բաքուն ի լուր աշխարհի կհայտարարի, որ գոյություն ունի նաեւ Հարավային Ադրբեջան, որը պետք է միացվի Հյուսիսային Ադրբեջանին: Այնպես որ, նոր նման խմբակցության ստեղծումը իսկապես պետք է, որ մտահոգության տեղիք տա:

Միաժամանակ, իրանական խորհրդարանում թյուրքախոս շրջանների խմբակցության ազդեցության հնարավոր աճը զուգահեռաբար կարող է իր հնարավոր բացասական հետքը թողնել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների վրա:

NO COMMENTS

LEAVE A REPLY