Իրանի Իսլամական 10-րդ խորհրդարանի առաջնահերթությունները քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Իրանի Իսլամական 10-րդ խորհրդարանի առաջնահերթությունները քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

SHARE

Մայիսի 28-ին Իրանի Իսլամական 10-րդ գումարման խորհրդարանը պաշտոնական արարողությամբ և Իսլամական հեղափոխության Առաջնորդ Այաթոլլահ Խամենեի ուղերձով սկսեց իր աշխատանքը: Անկասկած, ուղերձն ունի քաղաքական ուղղորդման նպատակ:

Երկրի Առաջնորդն Իսլամական Հանրապետության համար երկու կարևոր առաջնահերթություններ է առանձնացնում՝ «դիմադրության տնտեսության» իրագործումը և իսլամական մշակույթի ընդլայնմանն ուղղված ջանքերը: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ տնտեսական ոլորտում կայուն զարգացման հասնելու գործում իրանական միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո ստեղծված նոր պայմաններում Իրանի խորհրդարանի դերը կրկնապատկվել է, ապա ավելի քան արդիական է երկրի առաջնորդի հետևյալ ձևակերպումը՝ կայուն զարգացման հասնելը պահանջում է միջազգային հանրության հետ քաղաքական ու տնտեսական գործակցություն:

Վերջին օրերին միջազգային հանրությունը համոզվեց դրանում, քանի որ Թեհրանը տարածաշրջանում ռազմական, քաղաքական ու տնտեսական գործակցության նոր ձևաչափով փոփոխություններ է բերում: Անդրադառնանք դրանցից մի քանիսին՝

  • մայիսի 23-ին Թեհրանում ստորագրվեց Իրան-Հնդկաստան-Աֆղանստան եռակողմ համաձայնագիր՝ Չաբահար նավահանգստի տարանցիկ առևտրի մասին: Նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնման համար հնդկական կողմը 500 միլիոն դոլար ներդրում է կատարել:
  • վերոնշյալ տնտեսական խոշորամասշտաբ համաձայնագրի յուրօրինակ ամրագրումը դարձավ մայիսի 27-28-ը Պարսից ծոցի Հորմոզի նեղուցում և մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային ջրերն ընկած հատվածը՝ հազար մղոն ջրային տարածքում՝ տեղեկատվության և ռազմածովային փորձի փոխանակման նպատակով Իրանի և Հնդկաստանի ծովային համատեղ զորավարժությունը,
  • Նավթի և գազի արդյունաբերության ոլորտում Իրանի և եվրոպական երկրների միջև 3 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր ստորագրվեց:
  • Իրան-Չինաստան առևտրական կապերի խորացումը առևտրաշրջանառության ծավալը ներկայիս 52 միլիարդ դոլարից ապագայում 70 միլիարդ դոլարի սահմանին հասցնելու երկկողմ նպատակադրությունը:

Այսպիսով, Իրանը տնտեսապես ծավալվելով արևելյան և արևմտյան ուղղություններով՝ նպատակ ունի սեփական բյուջե բերել ֆինանսական մեծ միջոցներ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հ. Ռոհանիի հեռատես քաղաքականությամբ պայմաններ են ստեղծվում տարիներ շարունակ շրջափակման հետևանքով տուժած իրանական տնտեսության համար՝ արագորեն դուրս գալու ճգնաժամից և զարգանալու:

Մյուս կողմից նշելի է, որ 10-րդ գումարման Իսլամական խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման առթիվ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում, անդրադառնալով Իրանի կառավարության գերակա խնդիրներին, ընդգծել է իսլամական խորհրդարանին աջակցելը՝ նպատակ ունենալով ընթացիկ տարում Իրանում արձանագրել 5 տոկոսանոց տնտեսական աճ:

Փաստորեն, լուծելով միջուկային խնդիրը բացառապես դիվանագիտական ճանապարհով, այժմ Թեհրանը հաջողությամբ կյանքի է կոչել տնտեսական զարգացման ծրագիրը:

Ինչ վերաբերում է մշակութային քաղաքականությանը, ապա Իրանի խորհրդարանը, որպես ազդեցիկ խորհրդարան, կարող է ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ տարածելով իրանական իսլամական մշակույթն ու արժեքները: Ուշագրավ է, որ պաշտոնական Թեհրանը տնտեսական ծրագրերն իրականացնելիս առաջատար դիրքերում է պահում տարբեր մշակույթների հետ գործակցությունը, որպես անհրաժեշտ նախապայման հարաբերությունների ամրապնդման համար:

իրանագետ Կարեն Մկրտչյան

NO COMMENTS

LEAVE A REPLY