Թուրքիան էլ ավելի է խճճվելու սիրիական թնջուկում-Կարեն Սիրունյան

Թուրքիան էլ ավելի է խճճվելու սիրիական թնջուկում-Կարեն Սիրունյան

SHARE

Թուրքական բանակի ներխուժումը Սիրիա պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումների եւ աշխարհի նոր վերաբաժանման գործընթացով: Խոշոր խաղացողները Թուրքիան տեսնում են որպես ֆեդերատիվ պետություն եւ դրանից տեղյակ է նաեւ Թուրքիան: Վերջինիս պաշտպանությունն էլ հարձակվելու մեջ էր: Այս կարծիքն է այսօր հայտնել թուրքագետ Կարեն Սիրունյանը՝ խոսելով թուրքական զինուժի՝ Սիրիա ներխուժելու պատճառների մասին: Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ իրանագետ Կարեն Մկրտչյանը:

Թեպետ Սիրիա ներխուժելով Թուրքիան փորձում է մի քանի տարբեր խնդիրներ լուծել՝ թե’ ներքին, թե’ արտաքին, սակայն, թուրքագետ Կարեն Սիրունյանը համոզված է, որ գնալով Թուրքիան էլ ավելի է խճճվելու սիրիական թնջուկում:

«Իր կողմից դիտարկված ճիշտ քաղաքականությունը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ ավարտ չի ունենա: Թուրքիայի համար այն շատ արդյունքներ չի կարող ապահովել: Կարծում եմ, որ ինչքան նա խճճվի, այնքան կդառնա խոցելի եւ ինչքան խճճվում ու ներքաշվում է այդ իրողությունների մեջ, այնքան կդանդաղի նրա տնտեսական աճը, նույնիսկ՝ կնվազի եւ նույնքան կախված կլինի մյուս երկրներից»:

Իրանագետ Կարեն Մկրտչյանը նկատում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջերս Ժնեւում ստորագրված փաստաթուղթը սիրիական խնդրով, ըստ էության, Թուրքիային զսպաշապիկ հագցնելու դեր ունի, ինչը ողջունել է նաեւ Իրանը: Իրանը նաեւ Անկարային հասկացնում է, որ ԻՊ-ին եւ կից ահաբեկչական նոր խմբավորումներին զենքի մատակարարումն անթույլատրելի է ու ամեն ինչ պետք է բխի ԱՄՆ-ՌԴ ստորագրած միջազգային այդ նոր փաստաթղթի ոգուց:

«Հեռանկարային առումով, փաստորեն, տարածաշրջանում խաղաղության որոշակի հիմքեր ստեղծելու հույսեր է ներշնչում: Այս տեսակետից, փաստորեն, ռազմապես եւ քաղաքականապես Սիրիայում ծավալվելու Թուրքիայի հնարավորությունը առավել նվազում է»:

Իրանագետի խոսքով՝ Թուրքիան փորձում է դուրս մղել Իրանին, ինչը, սակայն, չի հաջողվի, քանի որ Իրանն առավել հստակությամբ հակազդում է Թուրքիային նաեւ իսլամական աշխարհում՝ իսլամական աշխարհին համաիսլամական դրոշի ներքո իր շուրջը համախմբելով՝ որոշակիորեն այդ գործընթացում մեկուսացնելով Թուրքիա-Սաուդիան Արաբիա դաշինքը:

Այն, որ Թուրքիան նորանոր խնդիրների առաջ է կանգնելու՝ համոզված է նաեւ թուրքագետ Կարեն Սիրունյանը: Նա նկատեց նաեւ, որ ձեւավորվող նոր խնդիրների մեջ եւ սիրիական թնջուկում խճճվելով՝ Թուրքիան պասիվանում է  մյուս տարածաշրջաններում, մասնավորապես՝ ԼՂ խնդրի հետ կապված: Թուրքագետի գնահատմամբ՝ պասիվություն կդրսեւորի նաեւ Ադրբեջանը, քանի որ վերջինս հիմնական աջակցությունը ստանում է Թուրքիայից:

«Կարծում եմ, այստեղ մեր դիրքերը կարելի է ամրապնդել: Կոնկրետ՝ ղարաբաղյան հարցում եւ ընդհանրապես ամբողջ Անդրկովկասում»:

NO COMMENTS

LEAVE A REPLY