Թուրքիան գաղտնի համաձայնության է եկել ԻԼԻՊ-ի հետ՝ Սիրիա իր խաբուսիկ ներխուժման շուրջ

Թուրքիան գաղտնի համաձայնության է եկել ԻԼԻՊ-ի հետ՝ Սիրիա իր խաբուսիկ ներխուժման շուրջ

SHARE

Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր: Զանազան հակամարտող կողմերի թվում են Հեզբոլլահը, Իրանը, «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), Իսրայելը, Հորդանանը, քուրդ զինյալները, Լիբանանը, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, այլազան ահաբեկիչներ աշխարհի չորսկողմից, Սիրիան, սիրիական ընդդիմադիր խմբերը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ պետություններ: Վերջին չարագուշակ զարգացումը թուրքական ներխուժումն էր Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը, որը գրավված էր ԻԼԻՊ-ի կողմից: Սակայն, հակառակ թուրքական պրոպագանդայի, Թուրքիայի զինուժը Սիրիա չէր ներխուժել ԻԼԻՊ-ին դուրս մղելու համար, իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերը Ջարաբլուսի վրա ռումբեր չեն նետել թուրքական զորքերի առաջխաղացումն ապահովելու համար՝ ըստ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղաշինության և իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսի: Ֆիլիպսը որպես ավագ խորհրդական և արտաքին հարցերով մասնագետ աշխատել է ԱՄՆ պետդեպարտամենտում նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի պաշտոնավարության ժամանակ: Թուրքիայի իսկական պլաններն էին կանխել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ») քուրդ զինյալների հետագա առաջխաղացումը, որոնք Միացյալ Նահանգների ամենավստահելի ռազմական դաշնակիցներն էին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, մինչդեռ Էրդողանը նրանց անվանում է YPG-ի «ահաբեկիչներ»: Ֆիլիպսը Huffington Post-ի իր հոդվածում բացահայտել է, որ «Թուրքական աջակցություն վայելող իսլամիստները երբեք չեն բախվել ԻԼԻՊ-ի հետ, այսպես կոչված, Ջարաբլուսի համար մղվող մարտում: Ներխուժումից առաջ, Անկարան գործարքի մեջ է մտել «Իսլամական պետության» հետ: Դիմադրելու փոխարեն, ԻԼԻՊ-ի զինված ուժերը պարզապես փոխել են իրենց հանդերձանքը «Սիրիական ազատ բանակի» (FSA) համազգեստով: Ջարաբլուսը ԻԼԻՊ-ից «ազատագրվեց» գրեթե առանց կրակոցի»: ԻԼԻՊ-ը, նախքան թուրքական ուժերի ներխուժումը, Ջարաբլուսից տարհանել էր բոլոր քաղաքացիներին, որովհետև չէր ցանկանում, որ «խաղաղ բնակիչները ճանաչեին FSA-ի անդամների հանդերձանքով ԻԼԻՊ-ի ակտիվ զինյալներին», գրել է Ֆիլիպսը: «Զարմանալի չէ, որ Էրդողանը և ԻԼԻՊ-ը գործարք են կնքել: ԻԼԻՊ-ը և Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գաղափարակից են», պնդում է Ֆիլիպսը, քանի որ երկուսն էլ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ճյուղերն են: Չնայած պաշտոնական հերքումներին՝ մեծ թվով ապացույցներ կան, որ Թուրքիան 2014 թվականից ի վեր զենք և դրամական ու կազմակերպչական աջակցություն է տրամադրել իսլամիստներին Սիրիայում: Թուրքիան նաև նյութապես ապահովել է «Իսլամական պետությանը»՝ փոխադրելով նրա նավթը և այն վաճառելով միջազգային շուկայում: Ամեն ամիս մոտ 500 իսլամիստ զինյալներ շարունակում են Թուրքիայից տարանցիկ ճանապարհով փոխադրվել Սիրիա»: Թուրք ղեկավարները ամենևին չեն թաքցնում իրենց իրական նպատակը: Էրդողանը հայտարարել է, որ ձգտում է հետապնդել YPG-ին և «մեր երկրին սպառնացող ահաբեկչական խմբերին»: Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն խոստացել է, որ Անկարան կանի «անհրաժեշտ ամեն ինչ», որպեսզի քուրդ զինյալներին հեռու պահի Թուրքիայի սահմաններից: Վաշինգտոնը գոհ չէ Թուրքիայի սխալ ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններից Սիրիայի հյուսիսում: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Բրեդ ՄակԳըրկը ասել է CNN-ին. «թուրքերին երբեք չի հետաքրքրել Ջարաբլուսը՝ մինչև քրդերը ցանկացան հասնել այնտեղ»: Թուրքական հարձակումները քրդերի վրա ՄակԳըրկը անվանել է «անընդունելի և խորը մտահոգության աղբյուր» Միացյալ Նահանգների համար: Veterans Today-ի խմբագիրը ևս խստորեն քննադատել է թուրքական ներխուժումը Սիրիա, ինչպես արտացոլված է նրա ծաղրական բացատրությունում. «թուրքական զորքերը, որոնք տարիներ շարունակ եղել են Սիրիայում «ԻԼԻՊ»-ի հանդերձանքով, պարզապես գնացել էին տուն՝ Թուրքիա, մի լավ լողացել, սափրվել, հագել իրենց թուրքական համազգեստը, ապա վերադարձել Սիրիա»: Սիրիացի զինյալ Սաադեդին Սոմաան, որ միացել էր թուրքական ներխուժմանը Սիրիայում, իր հիասթափությունն է արտահայտնել «Նյու Յորք թայմսին»՝ ԻԼԻՊ-ի և Սիրիայի կառավարության փոխարեն քրդերի դեմ պայքարի մեջ մոլորությամբ ներքաշվելու համար: «Բոլորը հետապնդում են իրենց սեփական շահերը, այլ ոչ թե Սիրիայի», դժգոհել է Սոմաան: «Նյու Յորք թայմսի» հոդվածում ընդգծվում է, որ ապստամբ խմբերը ներքին պայքարների պատճառով «կարող են ուժեղ քննադատության ենթարկվել, որ նրանք, լավագույն դեպքում, թուրքական կամ ամերիկյան գործակալներ են, իսկ վատագույն դեպքում՝ ԻԼԻՊ-ի դաշնակիցներ»: Բացի այդ, «Թուրքիայի օդային հարվածներից սպանվել էին 35 խաղաղ բնակիչներ քուրդ զինյալների հսկողության տակ գտնվող գյուղերում: Իսկ համացանցում տեղադրված տեսահոլովակից երևում էր, թե ինչպես էին ապստամբները ոտքերով հարվածում քրդական զինյալների բանտարկյալներին»: Որոշ զինյալներ, որոնք ուղեկցել էին թուրքական զորքերին Սիրիա ներխուժման ժամանակ, ինչպես Նուրեդին ալ-Զինքի անդամները, «մեղադրվեցին «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող խմբերի հետ կապեր ունենալու մեջ և խստորեն դատապարտվեցին, երբ մի խումբ զինյալներ տեսագրել էին իրենց կողմից երիտասարդ բանտարկյալի գլխատումը…. Իրենց մասնակցությունը Ջարաբլուսի գործողությանը վկայում է, որ նրանք բոլորովին չէին մեկուսացվում, առնվազն Թուրքիայի կողմից»: Դեյվիդ Ֆիլիպսը եզրափակել է իր Huffington Post-ի մերկացնող հոդվածը չարագուշակ կանխատեսմամբ. «Սիրիան կլինի Էրդողանի Վաթեռլոոն: Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է ինքնիրենշղթայիԹուրքիայի խորտակվող նավին»: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

NO COMMENTS

LEAVE A REPLY