Թուրքիան այն երկիրն է, որ մշտապես խաղացել է Արևմուտքի և Արևելքի...

Թուրքիան այն երկիրն է, որ մշտապես խաղացել է Արևմուտքի և Արևելքի հակասությունների վրա-Կ. Սիրունյան

SHARE

 

Ժամանակակից  աշխարհն այնպիսին է, որ նրանում տեղի ունեցող իրադարձությունները կամ երևույթները ենթակա են արագ  փոփոխությունների: Ուստի արդեն չպետք է զարմանալ, որ երեկվա քո թշնամին կարող է հենց այսօր քո բարեկամը դառնալ: Այդպես եղավ նաև ռուս-թուրքական հարաբերությունների պարագայում: Փոփոխությունը փոփոխություն, բայց պետք  է հասկանալ այն պատճառները, որոնց հետևանքով էլ տեղի ունեցան դրանք:

Թուրքիան իր վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով հայտնվեց դժվարին կացության մեջ: Մի կողմից նա սկսեց խնդիրներ ունենալ Արևմուտքում իր գործընկերների, մյուս կողմից Ռուսաստանի, ինչու չէ նաև Իրանի հետ:  Դրանք այնքան լուրջ բնույթ են կրում, որ վերոհիշյալ կողմերը սկսել են վերանայել իրենց որոշ հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդ հարաբերությունները ուղեկցվում են  կոշտ հայտարարություններով, միջազգային հարթակներում  Հայկական կամ Քրդական հարցերի արծարծմամբ, ինչի հետևանքով Թուրքիան գնալով հայտնվում է մեկուսացման մեջ:  Գնալով վատթարանում է նաև երկրի տնտեսական դրությունը:   Վերջապես կա նաև քրդական գործոնը, որը ցանկացած պահի կարող  է գործադրվել ընդդեմ Թուրքիայի՝ կազմավորելով քրդական պետություն կամ ինքնավարություն: Ստեղծված կացությունը ու հատկապես Արևմուտքի նման կոշտ քաղաքականությունը ստիպեց Թուրքիային վերանայելու հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները ի հակադրություն Արևմուտքի: Բայց պետք  է նշել, որ այդ հարաբերությունները մակերեսային բնույթ են կրելու, եթե  հաշվի առնենք  այն խոչնդոտները, որոնք առկա են  այդ  երկրների միջև:

Նախ և առաջ Սիրիայի խնդիրը: Հասկանալի է, որ այստեղ աճել է Ռուսասատանի ներկայությունը և ազդեցությունը,  ինչը մեծ անհանգստություն է պատճառում Թուրքիային, որը չի հրաժարվել Սիրիան իրեն ենթարկելու քաղաքականությունից:  Կողմերից որ մեկը չի հրաժարվելու Սիրիայի նկատմամբ ունեցած ազդեցությունից  կամ Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության կգան  այստեղ ազդեցության գոտիների բաժանման հարցում, որը չի կարող դուր գալ Արևմուտքին:  Ըստ էության Թուրքիան չի հրաժարվել նաև Կովկասի վրա իր ազդեցության մեծացման քաղաքականությունից, որի հետ չեն կարող հաշտվել Ռուսաստանը և Իրանը միաժամանակ:  Հասկանալի  է, որ Ռուսաստանը թանկ  է վճարել այս տարածաշրջանը նաև Թուրքիայից մի ժամանակ կտրելու համար, և հիմա թույլ չի տա այստեղ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը:  Եվ եթե Սիրիայի հարցում նրանց համաձայնությունը հավանական է, այստեղ ընդհանրապես բացառվում է:

Մյուս կողմից կա Ադրբեջանի գործոնը: Հասկանալի է, որ ռուս թուրքական մերձեցումը կարող  է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների վերանայմանը ու սահմանների բացմանը, որին կողմ է նաև Արևմուտքը, իսկ ինչպես դրան կվերաբերի Ադրբեջանը, որը առանց նախապայմանների սահմաններ բացման քաղաքականության հակառակորդն է  խնդիրը մշտապես կապում է Լեռնային Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն  կարգավորելու հետ, նույնպես խնդիր  է: Պարզ  է, որ հարաբերությունների բարելավվման պարագայում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում կթուլանա, ինչը ձեռնտու չէ Բաքվին, որն ամեն կերպ կփորձի խորընդոտել նմանատիպ հարաբերությունների կայացմանը:

Թուրքիան օժանդակում է Իսլամական պետությանը, որի դեմ Սիրիայում պայքարում է նաև Ռուսաստանը:  Ռուսասատանն ինքը ահաբեկչությունից տուժած երկրիր է, և բացի դա կա նաև հեղինակության խնդիր, որի համար նաև նա չի հրաժարվի իսլամական պետության դեմ պայքարելուց: Առանց այդ էլ Ռուսաստանի դեմ գործադրվում ե պատժամիջոցներ, իսկ նոր խնդիրներ Ռուսաստանին պետք չեն:

Արևմուտքին այս ամենը դրդելու է, որ նա գնա կտրուկ գործողությունների, որի արդյունքում Քրդական հարցը նորից կվերանայվի և կհստակեցվի  Թուրքիայի կարգավիճակը, իսկ այդ  պրոցեսին  Ռուսաստանի մասնակցությունը մեզ հավանական է թվում:

Իսկ Թուրքիան այն երկիրն է, որ մշտապես խաղացել  է երկրների հակասությունների վրա՝ քաղելով իր սեփական օգուտները: Զարմանալի բան չկա, որ  նա կներկայանա որպես բարեկամ, դիմակի տակ թաքցնելով սեփական քաղաքական նպատակները, վերջնահաշվարկում խաբելով բոլոր կողմերին: Նմանատիպ օրինակները շատ են բայց վատ չեր լինի մեկ անգամ էլ հիշել Քեմալի քաղաքականությունը, երբ հայտարարեց, որ արդեն բոլշևիկ  է, իսկ Արևմուտքին հավաստիացրեց, որ կիսում է իրենց արժեքները և կօգնի որպեսզի իրականացվի նրա նպատակները:  Արդյունքում  նա խաբեց  թե ՛ մեկին, և թե ՛  մյուսին` իրականացնելով պանթյուրքական ծրագիր: Այս ամենը թույլ  է տալիս եզրակացնել, որ տնտեսական հարաբերությունները կվերականգնվեն, բայց քաղաքական հակասությունները խորքային են և առանց դրանց լուծման նրանք ենթակա են նորից սառեցման:

թուրքագետ Կարեն Սիրունյան

NO COMMENTS

LEAVE A REPLY