ԱՄՆ նախագահական ընտրությունների երանգները

ԱՄՆ նախագահական ընտրությունների երանգները

SHARE

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալու են նախագահական 58-րդ ընտրությունները: Հաղթանակի գլխավոր հավակնորդներն են Հիլարի Քլինթոնը (Դեմոկրատական կուսակցություն) եւ Դոնալդ Թրամփը (Հանրապետական կուսակցություն):

Մյուս թեկնածուները՝ Գարի Ջոնսոնը (Լիբերտանական կուսակցություն), Ջիլ Սթայնը (Կանաչների կուսակցություն) եւ այլք, հաղթանակի իրական հնարավորություն չունեն:

Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հենց նոյեմբերի 8-ին: Սակայն Ընտրական կոլեգիան նախագահ եւ փոխնախագահ կընտրի միայն դեկտեմբերի 19-ին, Կոնգրեսը նրանց ընտրությունը կհաստատի հունվարի 6-ին, իսկ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2017 թվականի հունվարի 20-ին:

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա Կոլեգիայի առնվազն 270 անդամի ձայնը, քանի որ հաղթողին ճանաչող Ընտրական կոլեգիան կազմված է 538 անդամից: Յուրաքանչյուր նահանգից Կոլեգիայի անդամների թիվը հավասար է ԱՄՆ Կոնգրեսում նրա ներկայացուցիչների թվին:

Ընտրական կոլեգիայի անդամների թիվը՝ ըստ նահանգների. Այդահո՝ 4, Այովա՝ 6, Ալաբամա՝ 9, Ալյասկա՝ 3, Արիզոնա՝ 11, Արքանզաս՝ 6, Վայոմինգ՝ 3, Վաշինգտոն՝ 12, Վերմոնտ՝ 3, Վիրջինիա՝ 13, Վիսկոնսին՝ 10, Հավայի՝ 4, Դելավեր՝ 3, Ջորջիա՝ 16, Արեւմտյան Վիրջինիա՝ 5, Իլինոյս՝ 20, Ինդիանա՝ 11, Քալիֆորնիա՝ 55, Քանզաս՝ 6, Քենթուքի՝ 8, Կոլորադո՝ 9, Կոնեկտիկուտ՝ 7, Լուիզիանա՝ 8, Մասաչուսեթս՝ 11, Մինեսոտա՝ 10, Միսիսիպի՝ 6, Միսուրի՝ 10, Միչիգան՝ 16, Մոնթանա՝ 3, Մեն՝ 4, Մերիլենդ՝ 10, Նեբրասկա՝ 5, Նեւադա՝ 6, Նյու Ջերսի՝ 14, Նյու Յորք՝ 29, Նյու Մեքսիկո՝ 5, Նյու Հեմփշիր՝ 4, Օհայո՝ 18, Օքլահոմա՝ 7, Օրեգոն՝ 7, Փենսիլվանիա՝ 20, Ռոդ Այլենդ՝ 4, Հյուսիսային Քարոլինա՝ 15, Հյուսիսային Դակոտա՝ 3, Թենեսի՝ 11, Թեխաս՝ 38, Կոլումբիայի Դաշնային շրջան՝ 3, Ֆլորիդա՝ 29, Հարավային Դակոտա՝ 3, Հարավային Քարոլինա՝ 9, Յուտա՝ 6:

48 նահանգներում եւ Կոլումբիայի Դաշնային շրջանում նահանգից Ընտրական կոլեգիայի բոլոր անդամներ ձայները ստանում է այն թեկնածուն, որը հավաքում է ձայների պարզ մեծամասնությունը: Մեն եւ Նեբրասկա նահանգներում ընտրողների ձայները բաշխվում են քվեարկության արդյունքների համամասնությամբ:

ԱՄՆ պատմության մեջ երեք անգամ Ընտրական կոլեգիան նախագահ է ընտրել այն թեկնածուին, որն ընտրողների նվազագույն ձայներն էր ստացել: 1876 թվականին նախագահ է դարձել Ռութերֆորդ Հեյսը, 1888-ին՝ Բենջամին Հարիսոնը, 2000 թվականին՝ Ջորջ Բուշը: Երեքն էլ Հանրապետական կուսակցության թեկնածուներն էին:

Եթե թեկնածուներից ոչ ոք չի ստանում Ընտրական կոլեգիայի անդամների ձայների մեծամասնությունը, ապա երեք հիմնական թեկնածուներից նախագահ է ընտրում Ներկայացուցիչների պալատը, ընդ որում՝ յուրաքանչյուր նահանգ միայն մեկ քվեի իրավունք ունի: Եթե փոխնախագահի թեկնածուներից ոչ ոք ձայների մեծամասնություն չի ստանում, երկու գլխավոր թեկնածուներից հաղթողին ընտրում է Սենատը: Ներկայացուցիչների պալատի նախագահական ընտրությունների ճակատագիրը վճռել է երկու անգամ՝ 1800 եւ 1824 թվականներին: Սենատի կողմից փոխնախագահի ընտրությանը գործը հասել է միայն մեկ անգամ՝ 1836 թվականին:

Նախագահական ընտրությունների բարդ, երկաստիճան համակարգն առաջարկել են դեռեւս ԱՄՆ  հիմնադիր հայրերը, որոնք հեռավոր 1787 թվականին առանցքային դեր են կատարել ամերիկյան պետականության կայացման գործում: Այդ ժամանակից ի վեր՝ Միացյալ Նահանգներում ընտրություններն անցկացվում են մի քանի փուլով:

Նախ յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր նահանգի որոշակի թվով Ընտրական կոլեգիայի ներկայացուցիչ է ընտրում: Յուրաքանչյուր նահանգ ներկայացնում են երկու սենատորներ, ինչպես նաեւ այդ նահանգի բոլոր ընտրատարածքների ներկայացուցիչները, որոնք թիվը կախված է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների թվից: Այս մարդիկ ժամանակավոր մարմին են ձեւավորում, որն Ընտրական կոլեգիա է կոչվում: Այն կազմված է 538 անդամից. ընտրատարածքների 435 ներկայացուցիչներ, բոլոր 50 նահանգներից 100 սենատորներ եւ 3 անձ Վաշինգթոնից:

Հետո, համընդհանուր քվեարկության օրը, որը միշտ տեղի է ունենում նոյեմբերի 2-րդ երեքշաբթի, մարդիկ իրացնում են իրենց ընտրական իրավունքը՝ քվեարկելով կոնկրետ թեկնածուի օգտին: Վերջնական որոշումը, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ, ուղիղ քվեարակությամբ կայացնում է ընտրողների կոլեգիան համաժողովրդական քվեարկության 41-րդ օրը: Եթե ձայները հավասար են բաժանվում, հաղթողին որոշում են ներկայացուցիչների պալատում քվեարկությամբ, ինչն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 12-րդ փոփոխությամբ: Հաղթանակի համար պետք է հավաքել 26 նահանգների ներկայացուցիչների ձայները:

Առավել հաճախ հակվում են այն թեկնածուի օգտին, ով ստացել է ինչպես բնակչության, այնպես էլ կոլեգիայի ձայների մեծամասնությունը: Բայց նշենք, որ դա բոլորովին պարտադիր չէ: Ոչ մի դաշնային օրենքում նման պահանջ չկա:

ԱՄՆ-ում ավանդաբար նահանգները 3 կարգի են բաժանվում՝ դեմոկրատական, հանրապետական եւ տատանվող: Ելնելով դրանից՝ բաց տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, թե ով կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը:

Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ում առանձնացնում են տատանվող նահանգների խումբը՝ swing states: Դրանք հայտնի են նաեւ որպես մանուշակագույն նահանգներ այն գույնի պատճառով, որը ստացվում է հանրապետականների խորհրդանիշ կարմիրը դեմոկրատների կապույտի հետ խառնելիս:

Տատանվող են անվանում այն նահանգները, որտեղ ընտրությունների նախօրեին գրեթե հավասար ժողովրդականություն են վայելում երկու կուսակցությունների թեկնածուները: Այս նահագներում քվեարկության արդյունքները ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց դրանք են որոշում ելքը: Փորձագետները նշում են, որ նրանից, թե ում կողմը կանցնեն այդ նահանգները, կախված կլինի այն, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը: Մերիլենդի նահանգի սենատոր Ջեյմի Ռասքինի տվյալներով՝ թեկնաուծները ռեսուրսների 99 տոկոսը հատկացնում են հենց այդ նահանգներին:

Դեռեւս բոլոր տատանվող նահանգները, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում, իրենց ձայնը տալիս են դեմոկրատներին: Դրանք ավանդաբար Դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկող Միննեսոտայի եւ Վիսքոնսինի նահանգներն են, որոնք վերջին 7 ընտրություններում քվեարկել են դեմոկրատների օգտին:

Չի կողմնորոշվել Օհայոյի նահանգը: Սա միակ նահանգն է, որը վերջին 50 տարում ոչ մի անգամ չի «սխալվել» նախագահի ընտրության հարցում: Վերջին անգամ այդ նահանգի ընտրողները սխալվել էին 1960-ին, երբ ընտրվել էր նախագահ Ջոն Քեննեդին: Այդ ժամանակ Օհայոն քվեարկել էր հանրապետական Ռիչարդ Նիքսոնի օգտին: Այդ ժամանակվանից ի վեր՝ Օհահոյի նահանգը միշտ քվեարկել է հաղթողի օգտին:

Չի կողմնորոշվել նաեւ Արիզոնայի նահանգը: Սակայն նրանք միշտ հանրապետականների կողմից են եղել:

Հարցումների համաձայն՝ Քլինթոնի եւ Թրամփի վարկանիշը ընտրությունների նախօրեին գրեթե հավասար է. աննշան առավելություն ունի Քլինթոնը: Վերլուծաբանները նրա հաղթանակի շանսերը գնահատում են որպես նախընտրելի:

news.am

NO COMMENTS

LEAVE A REPLY