Ադրբեջանի գնած սպառազինումը կզիջի «Իսկանդերին»-Ալեքսանդր Խրամչիխին

Ադրբեջանի գնած սպառազինումը կզիջի «Իսկանդերին»-Ալեքսանդր Խրամչիխին

SHARE

Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ ինքը մտադիր է բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիա գնել, ուժեղ կասկածներ են առաջացնում: Նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվից հնչող մշտական հայտարարությունները:

Եվ այսպես նախօրեին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, որ իրենք մտադիր են գնել՝ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների վարկածով՝ հրթիռներ, մյուսների վարկածով՝ հրթիռների արտադրման տեխնոլոգիաներ:

«Ինձ համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանն ունի հրթիռներ արտադրելու հնարավորություններ ու կադրեր: Դրա համար հսկայական ներդրումներ է պահանջվում»- նշեց Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքով դա առնվազն երկարատեւ ու թանկարժեք գործընթաց է: Այդուհանդերձ որպես տեխնոլոգիաների հնարավոր մատակարար քաղաքագետը նշեց Չինաստանը, որը «կարող է վաճառել ինչ ասես ու ում ասես»:: «Իսկ եթե Ադրբեջանը ցանկանա գնել պատրաստի ապրանքներ, ինչը շատ ավելի արագ կստացվի, ապա դա էլ է հնարավոր, բայց գնված սպառազինումը «Իսկանդերից» լավը չի լինի»,- նշել է Խրամչիխինը:

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգի գնման մտահղացումը նույնպես ռուս քաղաքագետին կենսունակ չի թվում: «Խիստ կասկածում եմ, որ Իսրայելը այն որեւէ մեկին վաճառի»,- արձանագրել է Ալեքսանդր Խրամչիխինը:

Մեկնաբանելով ադրբեջանցի ռազմական փորձագետների հերթական արյունռուշտ հայտարարությունները՝ թուրքական Kasirga սարքերով Երեւանը գնդակոծելու մասին, քաղաքագետը նկատեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: «Բայց նման տարբերակը լայնածավալ պատերազմ է նշանակում: Եվ որպես հետեւանք՝ Ռուսաստանը պետք է կատարի ՀԱՊԿ մասով իր պարտավորությունները»,- նկատել է Ալեքսանդր Խրամչիխինը:

NO COMMENTS

LEAVE A REPLY