Ադրբեջանը փորձում է հակահայկական տրամադրություններ հրահրել Միջին Ասիայում:

Ադրբեջանը փորձում է հակահայկական տրամադրություններ հրահրել Միջին Ասիայում:

SHARE

Ռուս-թուրքական լարված հարաբերությունների ընթացքում ակտիվացել է ադրբեջանա-թուրքական  դիմակայությունն ընդդեմ Ռուսաստանի: Նրանք Ղրղզստանում փորձում են հակառուսական ու նաև հակահայկական տրամադրություններ ստեղծել,  փորձում են ներքաշել կատարվածում նաև Հայաստանo՝ հայտարարում է թուրքագետ Գեւորգ Մելքոնյանը՝ անհրաժեշտ համարելով Հայաստանի համապատասխան արձագանքը։ Խոսքը Առաջին աշխարհամարտում 1916- ի միջինասիական ապստամբության մասին է։ Այն բռնկվել էր տեղի մահմեդականներին թիկունքային աշխատանքներում ներգրավելու հրամանագրի պատճառով։ Ցարական կառավարությանը մեծ դժվարությամբ եւ արյունով հաջողվել էր ճնշել այդ ապստամբությունը՝ օգտագործելով ինչպես զորքերն ու ոստիկանությանը, այնպես էլ տեղի կազակներին։ Ադրբեջանն այժմ փորձում է ապացուցել, թե այս ապստամբությունը կոնկրետ Ֆերգանայում ճնշել են հայերը, ավելին՝ իբր ցեղասպանություն են կազմակերպել։

Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական քարոզչության շրջանակներում Միջին Ասիայում սկսել են խոսել ռուսների ու հայերի կողմից ղրղզների դեմ իբր իրագործված ցեղասպանության մասին, ահազանգում է «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանը:

Ադրբեջանում մի քանի ֆիլմ է նկարահանվել, ուր ներկայացվում է, թե իբր Ֆերգանայի դաշտում և Ուրկունում 1916 թվականին կատարված ողբերգական դեպքերը ցեղասպանություն են:  Սա հեռահար նպատակ ունի: Բաքուն փորձում է Միջին Ասիայում հակահայկական տրամադրություններ ստեղծել ու ավելի մեծ թվով վարձկաններ ներգրավել՝ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար՝ կարծում է պատմաբանը:

«Գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ վարձկաններին նման  ուղղորդումով հնարավոր է բերել արցախյան ճակատ»,- ասում է զրուցակիցս՝ ավելացնելով՝ Միջին Ասիայում վարձկանները շատ արագ են համոզվում։

Ըստ նրա հակահայկական այս քարոզչությունը շատ ավելի կարեւոր է կանխել Միջին Ասիայում։ Պատմաբանը մի փոքր պատմական էքսկուրս կատարելով Ուրկունի  դեպքերին՝  հիշեցրեց,  որ  1916 թվականին Ղրղզստանի հարավային շրջաններում ապստամբություն է բռնկվել ընդդեմ ռուսական տիրապետության, որը խստորեն ճնշվել է։ Այսօր, հիշելով պատմությունը, ղրղզները պետական հանձնաժողով են ձևավորել՝ նշելու կատարված դեպքերի 100-րդ տարելիցը:  Այս հարցում կազմակերպվող ակցիաներն ու հակառուսական նախաձեռնությունները,  ըստ Գևորգ Մելքոնյանի, նպատակ ունեն  թուլացնելու  Ռուսաստանը նաև հարավից:

Սակայն սրան զուգահեռ  ներկայացվում է, թե իբր Ֆերգանայի դաշտում հայերն են կոտորել ղրղզներին: «Ուրկունի դեպքերին զուգահեռ ներկայացվում է թե հայերը Ֆերգանայում կոտորել են մահմոդականներին ու դրա մասին Ադրբեջանում երեք ֆիլմ է նկարահանվել։ Ընդ որում ՝ անգլերեն, ռուսերեն ու թուրքերեն լեզուներով»։

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնը աշխատանք է տանում Ղրղզստանում հակահայկական մտացածին քարոզչության դեմն առնելու համար ու գիտական շրջանակներում շփումների ժամանակ ներկայացնում է իրողությունն  ու ի ցույց դնում ադրբեջանա-թուրքական կեղտոտ նպատակները: Սրան զուգահեռ՝ հարկ է որպեսզի նաև ՀՀ արձագանքի այս կեղծիքին, հակառակ դեպքում՝ լռությունը ճանապարհ է բացում թուրքա-ադրբեջանական քարոզչության հիմնավորման համար՝ ասում է Գեւորգ Մելքոնյանը։

 http://www.armradio.am/

NO COMMENTS

LEAVE A REPLY