«Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի, եթե Մերձավոր Արեւելքում տեղի ունենան լուրջ փոփոխություններ». Գեւորգ...

«Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի, եթե Մերձավոր Արեւելքում տեղի ունենան լուրջ փոփոխություններ». Գեւորգ Մելքոնյան:

SHARE

«Հունիսին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ պատերազմական գործողությունների վերսկսումը կապել Ադրբեջանում անցկացվելիք «Ֆորմուլայի» մրցաշարի հետ, շտապողական կարծիք է»,- համոզված է պատմաբան Գեւորգ Մելքոնյանը: Մայիսի 23-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նա ասաց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի այն ժամանակ, երբ Մերձավոր Արեւելքում տեղի կունենան լուրջ փոփոխություններ. «Արցախյան խնդրի սրացումը պայմանավորված է Սիրիայի գործոնով: Ադրբեջանը սպասում է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մերձավոր Արեւելքում եւ որ պետության դերակատարությունը կհաստատվի այդտեղ: Եթե Սիրիան գնում է մասնատման, հարց է առաջանում, թե ինչ է ստանում Թուրքիան դրանից: Եթե Սիրիայի բաժանումը տեղի ունենա Թուրքիայի գծած պլանով, Թուրքիայի դերը կմեծանա, եւ Ադրբեջանին հնարավորություն կընձեռվի Արցախի խնդիրը ռազմական ճանապարհով լուծել»:
Պատմաբանի բնորոշմամբ, քանի դեռ Սիրիայի հարցում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն չեն եկել համաձայնության, իրավիճակը մնալու է փոփոխական: Մելքոնյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությանը. «Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է, երբ վեզիրները, տվյալ դեպքում` վարչապետները, փոխվում են, Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում: Սպասել, որ Դավութօղլուի փոփոխությունից հետո արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կլինեն, այդպես չէ: Թուրքիան գնում է խնդիրները կոշտ քայլերով լուծելուն»:

http://www.aravot.am/

NO COMMENTS

LEAVE A REPLY